Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ժամանակակից տղամարդիկ կանանց արտաքին գրավչությունը գնահատելիս ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե գոտկատեղ-ազդրեր դասական հարաբերակցությանը, այլ գոտկատեղի և կրծքի համամասնությանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Japanese Psychological Research (JPR) գիտական ամսագրում։ Գրում է Radar-ը:
Հետազոտությանը մասնակցել է Ճապոնիայի 20-59 տարեկան 398 տղամարդ։ Նրանց ցուցադրվել են համակարգչով ստեղծված կանացի կերպարներ, որոնցում փոխվել են միայն գոտկատեղ-կրծքավանդակ և գոտկատեղ-ազդրեր հարաբերակցությունները, մինչդեռ մնացած բոլոր հատկանիշները մնացել են անփոփոխ։ Արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցներն ամենագրավիչն են համարել այն կազմվածքները, որոնցում գոտկատեղի և կրծքի հարաբերակցությունը կազմել է 0.6-0.7։ Այսինքն՝ նախընտրելի են համարվել նեղ գոտկատեղով և համեմատաբար մեծ կրծքով կանացի կերպարները։
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ այս արդյունքները կասկածի տակ են դնում երկար տարիներ տարածված այն տեսությունը, ըստ որի կանացի գրավչության հիմնական ցուցանիշը գոտկատեղի և ազդրերի հարաբերակցությունն է։ Նրանք ենթադրում են, որ նախորդ ուսումնասիրություններում ազդրերի նշանակությունը կարող էր գերագնահատված լինել, քանի որ մեծ կուրծքը տեսողականորեն գոտկատեղն ավելի նեղ է դարձնում։















