Աշխարհահռչակ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը կայցելի Երևան

Համաշխարհային կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Ջեյմս Քեմերոնը, կայցելի Երևան և կհանդիպի հանդիսատեսի հետ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյմս Քեմերոնը հանդիպման ընթացքում կխոսի կինոյի, ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և կինոարտադրության մեջ նորարարությունների մասին։ Գրում է Tert.am-ը:

Հանդիպումը հնարավորություն կտա հանդիսատեսին լսել կինոգործչի պատմությունները նրա անցած ստեղծագործական ճանապարհի, կինոյի աշխարհի և այն նախագծերի ստեղծման մասին, որոնք դարձել են համաշխարհային կինոյի պատմության մասը։

Ջեյմս Քեմերոնի ֆիլմերից «Տիտանիկը» երեք տասնամյակ անց էլ շարունակում է մնալ կինոյի ամենահայտնի աշխատանքներից մեկը, իսկ «Ավատար» ֆիլմաշարը հայտնի է նաև իր տեխնոլոգիական նորարարություններով։