«Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի ամբողջական ֆոտոշարքը, հաղթողի և մյուս աղջիկների հուզմունքն ու մանրամասները

Երեկ Արմենիա TV-ի ուղիղ եթերում կայացավ «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթը, որտեղ էլ պարզ դարձավ մեր հայաստանյան գեղեցկուհու անունը։ Հաղթող գեղեցկուհի Լիանա Ոսկերչյանն այս տարի կներկայացնի մեր երկիրը «Միսս աշխարհ»-ում դեկտեմբեր ամսին, որն էլ տեղի է ունենալու Լոնդոնում։
Երեկ մրցույթում մասնակցում էին 23 գեղեցկուհի։ Հաղորդավարների դերը ստանձնել էին դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դերասան Ռաֆայել Երանոսյանը: Մրցութային ծրագիրը սկսվեց ռիթմիկ ուրախ նոտաներով` ազդարարելով մրցույթի սկիզբը։
Սկզբում իր հուզիչ ու տպավորիչ խոսքն ասաց այս ճանապարհը վաղուց անցած ու  հաղթահարած գեղեցկուհի, 5 երեխաների մայր Գոհար Հարությունյանը. հենց նա էլ, ինչպես նշեց իր խոսքում, կբռնի հաղթողի ձեռքն ու նրան կտանի այն բարդ, բայց միեւնույն ժամանակ հաճելի ուղիով. «Սա պարզապես գեղեցկության մրցույթ չէ. մենք գնահատում ենք ամեն բան: Ինձ համար գեղեցկությունից առավել կարրոր է բարությունը: Թող հաղթի նա, ով արժանի է. դե իսկ ես էլ նրան կտանեմ գեղեցկության բարդ , բայց հաճելի ճանապարհով»,-ասաց նա:
Պատվավոր ժյուրին նստած էր իր տեղում եւ աղջիկների ելույթների ժամանակ իր վճռորոշ ու պատասխանատու ընտրությունն էր անում: Նրանց շարքերն էին համալրել ամուսիններ Արամոն և Էմմա Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Սահականույշ Սահակյանը, Գայանե Մանուկյանը, Ռուբինա Գրիգորյանը, Թալար Արդինյանը, Զառա Գեմիլյանը:
Աղջիկները ներկայացան 3 անգամ` ցուցադրելով 1. ազգային տարազներով ելույթ, 2. պարային ելույթ եւ 3. երեկոյան զգեստներով ելույթ:
Նրանց ելույթների եւ ընդմիջումների ժամանակ մրցութային ծրագիրն իրենց երգերով ու պարային համարներով առավել էին գեղեցկացնում եւ ուրախ տրամադրություն ապահովում մեր հայ արտիստներն ու Ամարաս պարային համույթը: Ելույթ ունեցան Նիկ Եգիբյանը, Գոռ Եփրեմյանը, Դետքը եւ այլք։
Հաղթահարելով 3 փուլերը` 23 գեղեցկուհիներից հաղորդավարները հնչեցրին լավագույն 10-նյակի անունները, այնուհետեւ ընտրվեց լավագույն հնգյակն ու պայքարն առավել քան ուժեղացավ. Լավագույն հնգյակի շարքերը համալրեցին Միլենա Տարյանը, Մոնիկա Գրիգորյանը, Լիանա Իսրաելյանը, Լիանա Ոսկերչյանը և Անետա Գաբրիելյանը:
Այնուհետև՝ Աննա Մանուչարյանը հւզված և աղջիկների հետ հավասար լարված մի կերպ հնչեցրեց սկզբում 4-րդ հորիզոնականը գրաված Միլենա Տարյանի անունը, այնուհետև՝ 3-րդ տեղը զբաղեցրած Լիանա Իսրաելյանի, 2-րդ՝ Անետա Գաբրիելյանի և վերջապես հաղթող մասնակցի անունը՝ Լիանա Ոսկերչյանի:
 Շնորհավորանքներից և բազմաթիվ բարեմաղթանքներից հետո, թեև գեղեցկուհին շատ հուզված էր, սակայն նա պատասխանեց ShowBiz.am-ի մի քանի հարցերին. Գեղեցկուհին նշեց, որ հուզմունքն էլ, ուրախությունն էլ անսահման է. խոստովանեց, որ մասնակցության մեջ առավել կարևորել է փորձը, սակայն հաղթանակն, իհարկե, ավելի ոգևորող ու ուրախացնող է, իսկ աղջիկների հետ հարաբերությունները կրկնակի ջերմ են. «Ունեմ  շատ նոր ընկերներ, բոլորի հետ ջերմ ընկերական հարաբերություններ են: Ընդհանրապես մրցակցություն չի եղել. օգնել ենք մեկս մյուսին ինչով որ կարողացել ենք»:
 
 
 
Նյութը՝ Կիմա Միրզոյանի
Լուսանկարները՝ Արսեն Հայրապետյանի