Ամեն սեզոն իր հետ բերում է ցանկացած ճաշակի ու ոճի հագուստի հսկայական ընտրություն: Շատ դժվար է ընտրել որևէ հստակ ոճ ու անընդհատ հետևել դրան: Ամեն դեպքում առաջարկում ենք տեղեկանալ, թե ինչն է նորաձև այս աշնանը: Իհարկե գիտեք, որ նորաձևության միտումները փոխվում են սեզոնից սեզոն, ուստի միշտ նորաձև լինելը հեշտ բան չէ:
Գործած ժակետը հանդիպում է սեզոնի գրեթե բոլոր հավաքածուներում: Այս փոքրիկ դետալը կարող է շատ նորաոճ, միաժամանակ պրակտիկ ու հարմար լինել: Գորշ տեսք չունենալու համար կարող եք այն համադրել արհեստական մորթով երկարաճիտ կոշիկների հետ:
Իհարկե բոլորս սովոր ենք, որ թեթև ու կարճ զգեստները կրում են բացառապես ամռան շոգ օրերին: Մի՞թե ձմռանը ստիպված ենք դրանց հրաժեշտ տալ:
Նոր սեզոնին կարելի է խուսափել դաժան բաժանումից` թեթև զգեստը համադրելով «օդաչուական» բաճկոնի կամ երկարաճիտ կոշիկների հետ: Շքեղ ու նորաձև տեսքն ապահովված է:
Մյուս ոչ պակաս կարևոր հիթը զինվորական ոճի հագուստներն են: Ձմռան համար այս ոճն իդեալական է քաղաքային զբոսանքների համար: