Դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել

Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին  տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից։

Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձ առայժմ չկա:

Հիշեցնենք` հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։

Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։