Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» մի քանի ամիս շարունակ հայկական գրախանութներում առաջին հորիզոնականն է զբաղեցնում վաճառքի տվյալներով: Գրքի պահանջարկը կտրուկ մեծացավ Առաջին ալիքով «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալի հեռարձակման շնորհիվ։
Պատմությունն արդիական է բոլոր ժամանակներում․ դպրոցի բարձր դասարաններից մեկում ավարտական քննություններից առաջ տհաճ միջադեպ է գրանցվել: Դրա շուրջ անցանկալի աղմուկն ու խոսակցությունները տարածվել են ոչ միայն դպրոցում, այլև դպրոցից դուրս: Ստեղծված կոնֆլիկտային իրավիճակում, անձնական, ընկերական և ընտանեկան խճճված փոխհարաբերություններում երիտասարդներին ձեռք է մեկնել իրենց նորեկ ուսուցիչ Վահան Մամյանը, ում կերպարը հեռուստասերիալում մարմնավորում է դերասան Խորեն Լևոնյանը:
Ինչպես ստեղծագործության մեջ, այնպես էլ կյանքում, վերջին ուսուցիչ չի լինում. չէ՞ որ յուրաքանչյուր ուսուցիչ թողնում է իր հետքը, և մենք ամբողջ կյանքում տանում ենք այն մեզ հետ։
Showbiz.am կայքի հետ զրույցում հեռուստանախագծի ֆենոմենի, իր դերասանական կարիերայի և ապագա պլանների մասին պատմեց «Վերջին ուսուցիչը» սերիալի երիտասարդ դերասաններից Վահագն Սամվելյան:
Վահագնը պատմում է, թե ինչպիսի դժվարությունների ու խոչընդոտների է հանդիպել իր կերպարը կերտելիս և ինչպես է կարողացել հաղթահարել դրանք։
«Իմ կարծիքով դերասանը պետք է պատրաստ լինի ցանկացած կերպարի, կհաջողվի, թե ոչ՝ դա արդեն հարցի մյուս կողմն է։ Սամվելի կերպարը ինձ համար նորություն էր, ես նման կերպար մինչ այդ չէի մարմնավորել։
Դժվարությունը կայանում է աշխատանքային պրոցեսի մեջ։ Ես առ այսօր աշխատում եմ Սամվելի կերպարի հետ, այսինքն դեռ դժվարությունները շարունակվում են և ես միայն ուրախ եմ դրա համար»։
Դերասանը նաև խոսեց հեռուստասերիալի ֆենոմենի մասին՝ նշելով, որ գրական ստեղծագործությունները միշտ էլ առանձնահատուկ արձագանքի և ուշադրոթյան են արժանանում հանդիսատեսի կողմից:
Սկսնակ դերասանն արդեն հասցրել է նկարահանվել բազում հաջողված, սիրված ու ճանաչված հեռուստանախագծերում ՝ «Երկուսով», «Կայարան», «Կյանք ու կռիվ» և այլն։
Սիրելի և ոչ այնքան սիրելի դերեր Վահագնը չունի։ Պրոֆեսիոնալ է մոտենում յուրաքանչյուր առաջարկի, սակայն դեռ ուսանողական տարիներին նա ուներ երանելի կերպար․
«Կարդացածս ցանկացած ստեղծագործության մեջ լինում են կերպարներ, որոնց հանդեպ հետաքրքրություն է առաջանում և մարմնավորելու ցանկություն։ Նման օրինակներից կարող եմ առանձնացնել ուսանողական տարիներից որպես ցանկություն մնացած Գրիգորի Գորինի՝ «Հիշատակի աղոթք» ստեղծագործության Մենահեմ Մենդլի կերպարը»:
Վահագնը նաև հստակ պատկերացնում է՝ որն է պրոֆեսիոնալ դերասանի հաջողության գրավականը և որոնք են մասնագիտական կարևոր հատկանիշները․ «Դերասանի կարևոր հատկանիշներն են՝ խարիզման, ձայնը, հմայքը և ամենակարևորը՝ ինտելեկտը։ Դերասանի համար հաջողության գրավականը՝աշխատասիրությունն է»:
Վահագնը միանգամից չի ընտրել դերասանի մասնագիտությունը, ժամանակն է ցույց տվել, որ այս ասպարեզում հաջողությունն անպատճառ կժպտա իրեն․«Փոքր տարիքում, երբ ինձ հարցնում էին թե ի՞նչ մասնագիտություն եմ ուզում ընտրել, ես հստակ պատասխան ունեի՝ բժիշկ։ Նույն այդ տարիքում շատ էի սիրում տարբեր նմանակումներ անել։ Տարիքի հետ անկախ ինձնից հետաքրքրությունը մեծացավ և մի օր հստակ որոշում կայացրի, որ պետք է ընտրեմ այս մասնագիտությունը: Ծնողներս համակերպվեցին որոշմանս հետ։
Դեռ 2-րդ կուրսի ուսանող էի, երբ ինձ կանչեցին «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի քասթինգին։ Այդ շրջանը ինձ համար այնքան հետաքրքիր ու լավ է անցել, որ մի քանի խոսքով դժվար կարողանամ նկարագրել։ Կասեմ մի բան՝ ես ի սրտե ցանկացած դերասանի կմաղթեմ սկսել իր կարիերան այնպես, ինչպես ես»։
Վահագնը հիմա նկարահանվում է հեռուստասերիալներում և միաժամանակ ակտիվ գործունեություն է ծավալում թատրոնում։
«Ես համոզված եմ, չի գա այն օրը, երբ ես կհրաժարվեմ բեմ բարձրանալու մտքից»։
Ապագայում երիտասարդը ցանկանում է բարձունքների հասնել իր մասնագիտական ոլորտում, համագործակցության առաջարկներ ունի մի քանի հեռուստածրագրերի կողմից և պատրաստվում է փորձել իրեն որպես հաղորդավար: