«Մթնշաղ»-ի հեղինակը հայտնել է վիպաշարի նոր գրքի հրատարակման մասին

Ամերիկյան գրող Ստեֆանի Մայերը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Մթնշաղ» վիպաշարի շնորհիվ, հայտարարել է, որ շուտով կհրատարակի «Կեսգիշերի արև» (Midnight sun) նոր գիրքը: Գիրքը պատմվում է վամպիր Էդվարդ Կալենի անունից, հայտնում է The Guardian-ը։

«Մեծ ուրախությամբ ձեզ հայտնում եմ «Կեսգիշերի արև»-ի հրատարակման մասին լուրը: Դա տեղի կունենա օգոստոսի 4-ին։ Ես վստահ չէի, որ հիմա՝ այս խելահեղ ժամանակներում, հարմար պահ է գիրքը ներկայացնելու համար։ Բայց շատերն այնքան երկար են սպասել գիրքն ընթերցելուն, որ ես որոշեցի այլևս չսպասել»,-մեկնաբանել է Մայերը։

Ըստ աղբյուրի՝ Ստեֆանի Մայերն այդ պատմության վրա սկսել է աշխատել դեռևս 2008 թվականին, բայց երբ նյութի մի մասը հայտնվել է համացանցում, նա հրաժարվել է այն ավարտին հասցնել։