Երգչուհի Սոֆի Մխեյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ շուտով երկրպագուների դատին կներկայացնի «Կա մի բանաձև, ինձ ասա՝ բարև» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։
Նախագծի գաղափարը ծագել է հենց Սոֆիի գլխում. «Մի օր արթնացա մտքով՝ ներկայացնել դրոնով նկարահանված տեսահոլովակ, որը կշրջի քաղաքով, տարբեր մարդկանց պատշգամբներից բարևներ ու ջերմություն կտարածի։ Զանգեցի Ավետին, պատմեցի մտքիս մասին, շատ ոգևորվեց, ինձ էլ ոգևորեց»,- գրում է երգչուհին և հավելում,- «2 օր անց նա զանգեց, ասաց արի երգիդ խոսքերը տար»։
Սոֆին նշում է, որ մինչ ԴերՀովան անում էր գործիքավորումը, իսկ Ավետ Բարսեղյանն աշխատում էր խոսքերի վրա, ինքն աշխատում էր գաղափարի ուղղությամբ և զուգահեռ անում էր նկարահանումները:
Երգչուհին առաջին անգամ չէ, որ ներկայանում է որպես ռեժիսոր։ Այս անգամ փորձել է իր աչքերով ներկայացնել «ժպտացող ու ջերմացնող քաղաքը»։
Տեսահոլովակի գլխավոր գաղափարն այն է, որ Սոֆին թռչող սարքի կառավարողն է, որը գնում է, ակնթարթորեն վերցնում բարևները և տարածում քաղաքով։ Ամբողջ տեսահոլովակը նկարահանված է միայն թռչող սարքով։