Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ դատավարություն է սկսվել. նա հրաժարվում է վճարել 2 միլիոն ռուբլի պարտքը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ պատճառը 2 մլն ռուբլին է, որը նա պարտք է գործարար Յուրի Ռաստեգինին։
Այս գործով արդեն դատավարություն է սկսվել:
Բանն այն է, որ Վիտալինան Ռաստեգինից 2 մլն ռուբլի է վերցրել բնակարանի վերանորոգման համար, որում մտադիր էր ապրել դերասանի հետ։ Գործարարը նրան չի մերժել՝ դերասանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Մեկ միլիոնը նա Վիտալինային հանձնել էր ստացականով, երկրորդ միլիոնը` տրամադրել էր փոխառության պայմանագրով։

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ Վիտալինայի անձնագրի պատճենը։ Դրանք ներկայացրել եմ դատարան։ Թեև չէի մտածում, որ գործը սրան կհասնի։ Համոզված էի, որ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան կվերադարձնի ինձ գումարը։ Այն ժամանակ Արմեն Բորիսովիչի հետ նրանց հարաբերությունները նորմալ էին։ Սակայն ամուսնուց բաժանվելուց հետո Վիտալինան նախընտրեց մոռանալ պարտքի մասին»,-ասել է Ռաստեգինը։
Ռաստեգինի խոսքով՝ Վիտալինան չի հրաժարվում, որ գումար է վերցրել, սակայն միայնակ պարտքը վերադարձնել չի ցանկանում։ Նա կարծում է, որ պարտքի կեսը պետք է տա Ջիգարխանյանը։