Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։ Փետրվարի 19-ին և 20-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան.Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան․․․։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական ջազ նվագախմբից:

«Մեկ համերգի ծրագրում, իհարկե, շատ դժվար է տեղավորել ռետրո ջազի գոհարները, քանի որ դրանց ծավալը բավականին մեծ է, սակայն նվագախումբը փորձել է մեկտեղել ամենանշանավոր անունները։ Հատուկ անդրադարձ կա նաև Արտեմի Այվազյանի հիմնադրած հայաստանյան ջազ նվագախմբին, որի շարունակողն է մեր նվագախումբը։ Մշակվել է հետաքրքիր ծրագիր, որը անդրադառնում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան ջազ ժառանգությանը»,-նշում է Արմեն Հյուսնունցը։

Համերգների ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք կուղղվի անցյալին․ եզակի հնարավորություն է նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ:

Նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Մինչ այդ նաև փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել օնլայն ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, և քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով ստացել են այս համերգի ծրագիրը։

Այս ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը նաև աշնանը սկավառակ է ձայնագրել, որն առաջիկայում կներկայացվի ունկնդրի դատին։