Դիզայներ-մոդելավորող Գայանե Մանուկյանը, նորաձևության սիրահարների համար լավ նորություն ունի. իր «Just Black» հեղինակային բրենդը շուտով կներկայացնի նոր հավաքածուն, որը խիստ տարբերվելու է նախկիններից ու զարմացնելու է ապրանքանիշի սիրահարներին:
«Just Black» բրենդը նաև հրավեր է ստացել Թբիլիսիից և պատրաստվում է շուտով մեկնել ցուցադրության:
Showbiz.am–ի հետ զրույցում հումորիստ Վաչե Թովմասյանի կինը՝ Գայանեն, ով նախկինում նաև զբաղվել է լրագրությամբ, խոսում է Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացման նախադրյալների, միջազգային ասպարեզ դուրս գալու և հայուհիների ոճի մասին:
«Just Black» -ը հայկական նորաձևության մեջ նոր ուղղություն բերեց, քանի որ ապրանքանիշի անունն արդեն հուշում է, որ այստեղ մուտքը միայն սևով է:
Հայ նորաձևության ոլորտում այս բրենդն առաջինն էր, որ ներկայանում էր միայն սև գույնով:
Ապրանքանիշի ստեղծարար խմբի նպատակն էր սև գույնը ներկայացնել նորովի ու փոխել դրա մասին պատկերացումները:
– Գայանե ի՞նչ կարևոր նորություններ ունեք «Just Black» ապրանքանիշից:
-Գլխավոր նորությունը գալիք նոր հավաքածուն է, որը դեռ ձևավորման փուլում է:
Նոր հավաքածուի ոգեշնչող գույնը դառնալու է կրակագույնը, իսկ խորհրդանիշը՝ ֆենիքսը՝ մոխրից վերածնվող թռչունը:
Մյուս կարևոր նորությունն այն է, որ հրավեր ենք ստացել Թբիլիսիից և այնտեղ ունենալու ենք ցուցադրություն:
–Ի՞նչ նոր առանձնահատկություններով կտարբերվի «Just Black»-ը մյուս բրենդներից:
– Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի նորաձևությունը չշահագործի մեր շրջակա միջավայրը: Մեր հնարավորությունների սահմանի չափով մենք օգտագործում ենք օրգանիկ կամ վերամշակված նյութեր:
Օրինակ՝ մեզ մոտ կոճակները վերամշակված ապակուց են՝ տարբեր օծանելիքների շշերից, կրունկները վերամշակված պլաստիկից են: Նոր հավաքածուում նման մոդելներ կրկին առկա են լինելու:
-Ամիսներ առաջ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ժնևում կրել է զգեստ՝ «Just Black»-ից: Համաշխարհային դեմքերից ո՞ւմ կցանկանայիք նվիրել Ձեր բրենդի հագուստից:
-Շատ հաճելի էր, որ Առաջին տիկինը Ժնևում մեր բրենդի «Բիայնա» զգեստով էր:
Կցանկանայի, որպեսզի հայտնիներից Just Black կրեր հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը, ով իր ոճով ու կերպարով ինձ շատ է դուր գալիս:
-Հայ կամ արտասահմանյան աստղերի մեջ, ովքե՞ր են ամենաոճայինները ձեր կարծիքով:
-Հայկական շոու-բիզնեսում կարող եմ որպես ամենաոճային աստղ համարել, միանշանակ, Իվետա Մուկուչյանին:
Իսկ համաշխարհային աստղերից շատ եմ հավանում Սելին Դիոնի տարբերվող ու առանձնահատուկ ոճը, որը շատերը չեն հասկանում ու չեն ընդունում:
-Լինելով լրագրող՝ ինչպե՞ս եք գնահատում մեր հեռուստալրագրողների ոճը: Արդյո՞ք այն միշտ հարիր է եթերին:
-Հեռուստալրագրողների ոճը չեմ ցանկանում մեկնաբանել (ծիծաղում է):
-Ձեր ամուսնիը՝ հումորիստ Վաչեն, նույնպես շատ հայտնի է: Ի՞նչ դիզայներական խորհուրդներ եք նրան տալիս:
-Վաչեին դիզայներական խորհուրդներ չեմ տալիս: Շատ հավանում ու ընդունում եմ նրա ոճը: Երբ նա խորհուրդներ է հարցնում, մեծ սիրով օգնում եմ, բայց երբեք փորձեր չեմ արել, որպեսզի փոխեմ նրա անձնական ոճը:
Կարծում եմ իրեն շատ է սազում:
-Ձեր կարծիքով ինչպե՞ս է Հայաստանում զարգանում նորաձևության ոլորտը:
–Զարգանում է շատ դանդաղ, բայց հույս ունեմ, որ առաջիկայում այստեղ կկազմակերպվեն այնպիսի միջոցառումներ կամ ցուցադրություններ, որոնք կօգնեն երիտասարդներին նոր դաշտ դուրս գալ և ճանաչում ձեռք բերել նաև Հայաստանից դուրս:
-Ինչպե՞ս կգնահատեք մեր հայուհիների ոճը: Ի՞նչն է պակասում:
-Իրենց ոճում հայուհիներին պակասում է ներքին ձայնին լսելու կարողությունը: Շատերը, պարզապես, վազում են, թրենդերի հետևից առանց մտածելու՝ դա իրենցն է, թե ոչ:
Թող լսեն իրենց ներքին ձայնին ու հագնեն այն, ինչ իրենց առաջին հերթին հարմար է:
–Ինչպե՞ս է ձեր բրենդը վերաբերվում նորաձևության մեջ գեղեցկության նոր ստանդարտներին :
-Մենք չեն անում զգեստներ միայն գեղեցիկ կազմվածք ունեցողների համար: Գեղեցկությունն, առհասարակ, հարաբերական հասկացություն է:
Մենք ունենք նաև հագուստի plus size մոդելներ, որոնք ուղարկում ենք ԱՄՆ ցուցադրության:
–Ինչպիսի՞ ապագա եք տեսնում ձեր ապրանքանիշի համար:
-Տեսնում եմ պայծառ ապագա, որտեղ «Just Black»-ը կդառնա Հայաստանից դուրս գնացած առաջին ֆեյշն նախագիծը:
-Կցանկանաք, որ ձեր փոքրիկ դուստրն ապագայում լինի նորաձևության ոլորտում՝ որպես դիզայներ կամ մոդելիեր:
-Կցանկանայի, որ դուստրս դառնար գեղեցիկը սիրող ու գնահատող մարդ ցանկացած մասնագիտության մեջ:
-Արդյո՞ք Հայաստանը նորաձևության համար հեռանկարային երկիր է. կունենա՞նք մենք աշխարհահռչակ բրենդներ կամ մոդելիերներ:
-Հայաստանը շատ հեռանկարային երկիր է նորաձևության համար, որովհետև ունի մեծ մշակութային ժառանգություն, ինչը կարող է հիմք հանդիսանալ շատ գեղեցիկ հավաքածուների համար:
Պարզապես, նորաձևությունը զարգացնող երկիր դառնալու համար հարկավոր է մասնակից դառնալ համաշխարհային այն բոլոր միջոցառումներին, որտեղ տասնյակ երկրներից սկսնակ կամ պրոֆեսիոնալ դիզայներներ հնարավորություն են ստանում իրենց աշխատանքները ներկայացնելու աշխարհին:
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի