ShowBiz.am-ն իր ընթերցողներին դեռ երեկ ներկայացել է նոր՝ «Երկուսով» հեռուստասերիալի մասին, որը «Շանթ» հեռուստաընկերությամբ կներկայացվի սեպտեմբեր ամսին: Ներկայացրել ենք նաև սերիալի գլխավոր հերոսի հետ զրույցը, որին մարմնավորելու է դերասան Բեն Ավետիսյանը: Ինչպես արդեն գիտենք, «Երկուսով» նոր հեռուստասերիալում Բենի խաղընկերուհին լինելու է դերասանուհի Իննա Խոջամիրյանը, և նրանք երկուսով հանդես են գալու հերոսի ու հերոսուհու դերերում՝ շունչ տալով սիրային գծերին ու զարգացումներին:
ShowBiz.am-ն այս անգամ զրուցել է Իննայի հետ, հետաքրքրվել նրա նոր կերպարի, Բենի հետ համատեղ աշխատանքի և այս ամառ հանգստի չմեկնելու մասին:
«Այո՛, այս տարի հանգիստ չունեցա։ «Էլենի օրագրի» նկարահանումների վերջին 10 օրերին մեկնարկեց նաև նոր հեռուստասերիալը, դրանց զուգահեռ թատրոնի փորձերն էին ակտիվ ընթանում։ Մի պահ անասելի գերհոգնել էի: Հիշում եմ՝ մի օր էլ բեմ բարձրացա ներկայացման փորձերից մեկի ժամանակ ու ծնկի եկա թուլությունից, չկարողացա շարունակել. ռեժիսորս հետաձգեց փորձը: Չեմ կարող ասել, թե հանգստի կարիք չունեմ, բայց ընտրությունը ես եմ արել և պիտի պատասխանատու լինեմ իմ որոշումների համար։ Զավեշտ է, բայց այժմ արդեն Նոր տարվա հանգիստն եմ գծագրում, պլանավորում»,- նշում է դերասանուհին:
Իննան, մինչև առաջարկը ստանալը, մի շատ զավեշալի և ծիծաղելի դեպքի է բախվել. «Մի օր գործընկերներիցս մեկը «Շանթ»-ում առավոտյան բարևելիս ասաց՝ «Բարև Մանե»։ Ես էլ, ըստ սնահավատության, մտածեցի՝ լավ էդ ինչքան եմ հարստանալու, որ չճանաչեց, ի՞նչ Մանե: Մի քանի օր հետո իմացա, որ նոր հերոսուհու մարմնավորելու առաջարկ ունեմ, ում անունը հենց Մանե է. ուղղակի ներքին խոհանոցում գործընկերներս տեղյակ էին, ես՝ դեռ ոչ»:
Դերասանուհին դեռևս փնտրտուքների մեջ է իր նախկին դերից հետո և փորձում է բաց թողնել նախորդ կերպարը. «Հատկանիշներ կան, որոնք ես ինձնից տվել եմ Էլենին, Էլենից վերցրել ինձ վրա, որոնք այժմ կարծրացել են, և ժամանակ է պետք արմատախիլ անելու համար։ Պարոն Դավիթ Հակոբյանի հետ աշխատում եմ անհատապես դերասանական վարպետության վրա. իմ մուսան է, շատ է օգնում»։
Խոսելով իր նոր կերպաի մասին՝ Իննան նշեց, որ Մանեն, ում մարմնավորում է ինքը, 23 տարեկան աղջիկ է, գյուղում մեծացած և Երևանում համալսարան ընդունված: Միամիտ ու բացսիրտ աղջիկ է, միևնույն ժամանակ համարձակ ու ուժեղ։ Սյուժետային առանցքային գծերից է, որ Մանեն անվերապահորեն սիրում է հերոսին: Մանեն ու Իննան հակապատկերներ են, նույնիսկ մեկ-մեկ նյարդայնանում եմ Մանեի ծայրաստիճան միամտության վրա:
Իսկ Բենի հետ դեռևս մի քանի համատեղ աշխատանքային օրեր է ունեցել նա և դժվարանում է ստույգ կարծիք հայտնել, բայց հուսով է, որ ամեն բան հաջողությամբ ու համերաշխությամբ կպսակվի: Դերասանուհին նշում է նաև, որ շատ է վստահում Բենին, ինչն էլ ամենակարևոր նախապայմանն է:
Ինչպես վստահեցնում է նա, նրանց ռեժիսորական անձնակազմը հազվադեպ է վրիպում ընտրության հարցում. «Մեր ընտրված հերոսները բոլորը կարծես սազում են ու համահունչ են: Ժամանակից առաջ չընկնեմ, բայց կարծում եմ՝ հավանության կարժանանանք. համենայն դեպս, պիտի ջանանք»։
Զրույցի վերջում դերասանուհին խոստովանեց, որ, իհարկե, ունի հանգստի կարիք. «Երբ քո կատարած աշխատանքը սիրում ես, ու այն քեզ հաճույք է պատճառում, ամեն ինչի հանդեպ պատկերը նույնպես փոխվում է: Հանգստանալ կհասցնեմ. դեռ երիտասարդ եմ»:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան