Երևանում մեկնարկել է գինու փառատոնը, որն այս տարի մայրաքաղաքում անցկացվում է 5-րդ անգամ և կտևի 2 օր՝ հունիսի 4-ին ու 5-ին։
Փառատոնն ընդգրկում է Երևանի կենտրոնական 3 փողոցների շուրջ 600 մետրանոց տարածքը՝ Մոսկովյան, Թումանյան, Սարյան։ Սնունդն ու գինիները ներկայացված են 97 տաղավարներում։ Փառատոնին մասնակցում են գինեգործական 41 ընկերություն` նախորդ փառատոնի 25-ի փոխարեն։
Տաղավարներում ընդհանուր առմամբ ներկայացված է 281 տեսակ գինի, որից 113–ը` կարմիր, 91–ը` սպիտակ, 30–ը` վարդագույն, 18–ը` փրփրուն, 38–ը` մրգային: Գինուց բացի փառատոնի մասնակիցներին կառաջարկվի նաև սնունդ (քանի որ սոված փորին չարժե խմել)։
Փառատոնի երաժշտական մասն ապահովվում է տարածքում տեղադրված 2 բեմերի միջոցով։ Մեկից հնչում են կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները (Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ)` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երկորդ բեմից հնչում են երևանյան երգեր՝ բենդերի կատարմամբ։
Փառատոնն ունի նաև բարեգործական բաղադրիչ։ Բարեգործական նպատակով մասնակցող 3 ընկերությունների արտադրած գինու ու տեղում պատրաստվող արցախյան ժենգյալով հացի վաճառքից ստացված եկամուտը կուղղվի պատերազմից տուժած զինվորներին ու զոհվածների ընտանիքներին։
Փառատոնի կազմակերպիչների համոզմամբ` երևանյան գինու օրերը նպաստում են տնտեսության զարգացմանը, մասնավորապես` տուրիզմի ու գինեգործության։