Երեկ՝ մարտի 20-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմի փակ ցուցադրությունը: Դրան նախորդել էր կարմիր գորգի պաշտոնական արարողությունը ֆիլմի ստեղծագործական կազմի և հյուրերի համար: Այսօրվանից ֆիլմը հասանելի է նաև լայն լսարանին:
«Կատարյալ ապուշը» ֆիլմի գլխավոր հերոս Տիգրիսը բոլորի համար արտասովոր երիտասարդ է, որն անընդհատ տարօրինակ պատմությունների մեջ է հայտնվում։ Իրականում, սակայն, Տիգրիսի ցանկությունը մեկն է՝ փոխել աշխարհը դեպի լավը։
«Իրականում հարց է, թե ով է իսկական ապուշը: Այն իրավիճակը, որում մենք ապրում ենք, երբ մարդիկ պառակտված են, ատելությունը շատ է, որոշեցի նկարահանել ֆիլմ, որը կնպաստի նրան, որ ատելությունը հետ մղվի: Սա բարի կինոնկար է: Հույս ունեմ՝ դահլիճից դուրս եկող մարդիկ բարի գործեր անելու ցանկություն կունենան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Նալչաջյանը, ով ֆիլմի ոչ միայն ռեժիսորն է, այլև գլխավոր դերակատարը:
Տիգրան Նալչաջյանի խոսքով՝ բավական հեշտ նկարահանումներ են ունեցել, մինչև այն պահը, երբ իր կյանքում մեծ ողբերգություն է տեղի ունեցել՝ կորցրել է քրոջը։
Ռեժիսորի խոսքով՝ ողբերգությունից մեկ ամից անց վերադարձել էր նկարահանման հրապարարակ, թեպետ սկզբնական շրջանում իր մասնակցությամբ հատվածները չէին նկարահանում: Ի դեպ, տեսարաններից մեկում կարելի է հանդիպել նաև Տիգրանի քրոջ կատվին:
Ռեժիսոր-դերասանը նախքան ֆիլմի ցուցադրությունը ներկաներին և ստեղծագործական թիմին շնորհակալություն հայտնեց իր կողքին լինելու և այդ ծանր շրջանը միասին հաղթահարելու համար:
Հավելենք, որ Տիգրան Նալչաջյանը ֆիլմեր է նկարահանում շուրջ տասը տարի: «Կատարյալ ապուշը» նրա չորրորդ կինոնկարն է: Նալչաջյանի առաջին աշխատանքը «Չներվածները» կինոնկարն է, որը նկարահանել է 2015-ին, հետո՝ «Արթնացիր» գեղարվեստական ֆիլմը, 2020-ին՝ «Դասարանցիները» ֆիլմը, որը համավարակի, պատերազմի պատճառով հանրությանն է ներկայացվել 2021-ին: Այն մեծ հաջողություն է ունեցել:
Հավելենք, որ «Կատարյալ ապուշը» ֆիլմում նկարահանվել են Արման Ղազարյանը, Մելսիդա Հակոբյանը, Գեորգի Հովակիմյանը, Արթուր Հակոբյանը, Կրիստինա Հովակիմյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Վահագն Գալստյանը, Հայկ Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սեպուհ Ապիկյանը և այլք: