«Օսկար»-ը սահմանում է նոր կանոններ․ AI-ը չի կարող մրցանակ շահել

Academy of Motion Picture Arts and Sciences-ը հայտարարել է, որ այսուհետ «Օսկար»-ի մրցանակի համար կարող են առաջադրվել միայն այն դերասանական աշխատանքներն ու սցենարները, որոնք ստեղծվել են մարդկանց կողմից։ Նոր կանոններով հստակ նշվում է՝ դերասանական խաղը պետք է իրականացված լինի իրական մարդու կողմից,  սցենարը պետք է գրված լինի մարդու կողմից, գրում է Radar-ը։

Այս փոփոխությունը կապված է արհեստական բանականության լայն տարածման հետ, որը օգտագործվում է կինոարտադրության մեջ։ Վերջին շրջանում AI-ի կիրառումը մեծացել է, օրինակ՝ նախատեսվում է, որ հանգուցյալ դերասան Վալ Քիլմերը ը վերաստեղծվի արհեստական բանականությամբ և նկարահանվի նոր ֆիլմում։

Միևնույն ժամանակ, ակադեմիան չի արգելում AI-ի օգտագործումը ֆիլմերում ընդհանուր առմամբ։ Նշվում է, որ նման գործիքների կիրառումը ոչ օգնում է, ոչ էլ խանգարում է մրցանակի առաջադրմանը։ Սակայն որոշիչ է մնում մարդու դերը ստեղծագործական գործընթացում։ Ակադեմիան նաև իրավունք է վերապահում պահանջել լրացուցիչ տեղեկություն, եթե կասկածներ առաջանան AI-ի օգտագործման և հեղինակության վերաբերյալ։