Մահացել է լեգենդար մոդել Վերուշկան

Lեգենդար մոդել Վերուշկան (լրիվ անունը՝ Վերա Գոթլիբ Աննա ֆոն Լենդորֆ) մահացել է Բեռլինում՝ կյանքի 88-րդ տարում։ Այս մասին հայտնում է Bild պարբերականը՝ հղում անելով մոդելի հարազատներին։

Հիշեցնենք, որ Վերուշկան ծնվել է կոմս Հայնրիխ ֆոն Լենդորֆի ընտանիքում։ Ծննդյան պահից նա ստացել է կոմսուհու տիտղոս։ Ապագա մոդելի հորը մահապատժի են ենթարկել 1944 թվականին՝ Ադոլֆ Հիտլերի դեմ իրականացված անհաջող մահափորձից հետո։

Մոդելին մեծ ճանաչում է բերել ռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի «Ֆոտոխոշորացում» (Blow-Up) ֆիլմում նկարահանվելը․ չնայած Վերուշկայի կերպարը ֆիլմում հայտնվում էր ընդամենը հինգ րոպեով, նրա մասնակցությամբ կադրը հայտնվեց ֆիլմի պաստառին, իսկ կինոնկարն ավելի ուշ արժանացավ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին և «Օսկար»-ի մի քանի անվանակարգերի։

Վերուշկան նկարահանվել է նորաձևության ամսագրերի ավելի քան 800 շապիկների համար․ միայն Vogue-ի շապիկին նա հայտնվել է 11 անգամ։ Նորաձևության ոլորտում Վերուշկան ստացել էր «առաջին գերմանացի սուպերմոդելի» չգրված տիտղոսը։ Մոդելը նաև համագործակցել է նկարիչ Սալվադոր Դալիի հետ, ում հետ միասին փորձարկումներ էին անում բոդի-արտի ոճում։