Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակը ստացել է Ջեյմի Լի Քերթիսը

Ամերիկացի դերասանուհի Ջեյմի Լի Քերթիսը, ով հայտնի է  «Հելլոուին», «Փոխվել տեղերով», «Վանդա անունով ձկնիկը» ֆիլմերով, արժանացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի «Ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին կարիերայի ընթացքում ակնառու նվաճումների համար:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան:

«Ես շատ հուզված եմ: Իմ սիրտն այսօր ձեզ հետ է: Ես երախտապարտ եմ փառատոնին այս մրցանակի համար»,- ասել է Քերթիսը:

Արարողությունից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է. «Ես պաշտում եմ իմ աշխատանքը, ես երկրպագում եմ նկարահանող անձնակազմին որպես իմ ընտանիք: Ես պաշտում եմ այս մարդկանց, ովքեր հավաքվում են ֆիլմեր նկարելու, ես երկրպագում եմ բոլորին նկարահանման հրապարակում, քանի որ առանց նրանց անհնար է ֆիլմ ստեղծել»: