«Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը․ ֆոտոշարք

Մոսկվա կինոթատրոնը կրկին բազմամարդ է։ Եթե անկեղծ լինենք, ապա բոլորս էլ կխոստովանենք, որ իրոք կարոտել էինք այս աժեոտաժին՝ լեփ-լեցուն բակ, համեղ հյուրասիրություն, հայտնի դերասան-դերասանուհիներ և իհարկե ֆիլմի պրեմիերային սպասող հյուրեր։ Իսկ այսքան մարդ մեկ վայրում հավաքվել է մեկ նպատակով․ բոլորը սպասում էին Արման Նշանյանի նոր «Սողոմանի երգերը» ֆիլմի հայաստանյան պրեմիերային։ Վերնագրից դատելով արդեն իսկ կարելի է ենթադրել, որ ֆիլմը լինելու է Կոմիտասի կամ գոնե նրա ապրած ժամանակաշրջանի մասին։

Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև ShowBiz.am-ը․ մենք զրուցել ենք ռեժիսորի և դերասանների հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր կադրերը։

«Սողոմոնի երգերը» ֆիլմում նկարագրված են Համիդյան սարսափելի ջարդերը, որոնք տեղի են ունեցել 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի իշխանության ժամանակաշրջանում։ Պատմության հիմքում հայ և թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան Համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի։

«Սողոմոնի երգերը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում, Հայաստանում և Վրաստանում։

Արման Նշանյանի նոր ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Տաթև Հովակիմյանը, Արևիկ Գևորգյանը և շատ ուրիշներ:

Խոսելով ֆիլմի առանձնահատկության, դրա նպատակի և ակնկալիքների մասին՝ ռեժիսորը՝ Արման Նշանյանը, պատմում է․ «Այս ֆիլմում ես կենտրոնացել եմ Կոմիտասի մանկության վրա։ Սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած ջարդերը շատ են ազդել Կոմիտասի վրա և դրան, իհարկե, գումարվել է իր մոր բացակայությունը։ Ես ուշադրություն եմ դարձրել այն հանգամանքի վրա, թե ինչ կյանքով է հանճարը ապրել, ինձ չի հետաքրքրել նրա կյանքի վերջին տարիները, քանի որ այդ ժամանակահատվածում նա խռովել է աշխարհից, լռել, բայց ոչ գժվել։ Ֆիլմը Կոմիտասի մասին չէ, համիդյան ջարդերի ժամանակահատվածի մասին է, պատմության մասին է, որը աշխարհը պետք է ճանաչի և իմանա Կոմիտասի միջոցով՝ նրա շնչով»։

Ռեժիսորին, դերասանին և առհասարակ ստեղծագործական կազմին շնորհավորելու էին եկել ոլորտում սիրված և ճանաչված անձինք, ովքեր, իհարկե, չվրիպեցին մեր աչքից (տեսախցիկից)։

«Սողոմոնի երգեր»-ի հաջողության և իր սպասելիքների մասին մեզ հետ կիսվեց դերասանուհի Արևիկ Գևորգյանը, ով ֆիլմում մարմնավորում է թրքուհու կերպար․ «Մենք շատ երկար էինք սպասում ֆիլմի հայաստանյան պրեմիերային։ Բոլորս չափազանց հուզված ենք, որովհետև սա շատ մեծ աշխատանք է և շատ կարևոր պատմություն բոլորիս համար»։

Արևիկը մարմնավորում է Սևիլին․ «Կերպարը կերտելիս երբեք չեմ հենվել ազգության վրա, որովհետև կան այնպիսի համամարդկայն արժեքներ, որտեղ ազգությունը լռում է, համենայնդեպս ինձ համար։ Սևիլը ֆիլմում կրկնակի անձնազոհության է գնում, նա կարողանում է գնահատել ընկերությունն ու մարդկային մյուս բարձր արժեքները։ Շատ սիրում եմ Սևիլին ու շատ կապված եմ նրա հետ։ Բոլորիս համար կրկնակի բարդ է լինելու դիտել ֆիլմը, քանի որ այս ընթացքում եղան դեպքեր, որոնց մասին ոչ ոք չի ցանկանա խոսել ու վստահ եմ՝ ֆիլմից հետո էլ շատ երկար չենք կարողանալու դրանց մասին բարձրաձայնել»։

Ֆիլմում Տաթև Հովակիմյանը մարմնավորում է Արևիկի կերպարի(Սևիլ) մտերիմ ընկերուհուն՝ հայուհի Սոնային․ Տաթևը ևս կիսվեց իր ակնկալիքներով և կերպարի հետաքրքիր մանրամասներով․ «Հետաքրքիր է, միշտ դերասաններն ինչ ակնկալիք ունենում են, հաճախ դրա հակառակն է ստացվում։ Ես արդեն շատ վաղուց փորձում եմ որևէ ակնկալիք չունենալ, այլ միայն վստահ լինել, որ մենք արել ենք լավ աշխատանք։ Մենք մեկ բջիջի պես աշխատել ենք, և հույս ունեմ, որ ամեն դեպքում ֆիլմում կզգացվի մեր միասնական աշխատանքը»։

Ըստ Տաթևի՝ ռեժիսորն այստեղ չի փորձել Կոմիտասին ներկայացնել այլ տեսանկյունից․ «Այստեղ նրա մանկությունն է, երևի թե հորինված մի պատմություն, բայց այստեղ շատ կարևոր մի բան կա, դա Կոմիտասի երաժշտությունն է, որը հնչում է ֆանտաստիկ գեղեցիկ, ինչը ես ֆիլմի ամենակարևոր օղակներից մեկն եմ համարում»։

Դերասանուհին ընդգծում է, որ ֆիլմում  շատ կարևոր ևս մեկ հանգամանք կա․ «Այստեղ շատ կարևոր մի բան կա, հայի ընկերությունը թուրքի հետ, և թուրք, ով փորձում է փրկել հայ ընկերուհուն՝ վտանգելով սեփական կյանքը։ Եվ այստեղ շատ կարևոր ևս մեկ մեսիջ կա, այն է, որ բոլորս՝ անկախ ազգությունից, կարող ենք սիրել որպես մարդ արարած»։

Մինչ հյուրերն անցնում էին և փորձում լուսանկարվել կարմիր գորգին, մենք հասցրինք նաև զրուցել դերասան Սոս Ջանիբեկյանի հետ։

«Ինձ թվում է ֆիլմը շատ լավ կընդունվի, քանի որ շատ լավ թեմա է, շատ լավ է նկարահանված և շատ լավ է ամեն ինչ կազմակերպված։ Այստեղ մենք անդրադարձել ենք չափազանց կարևոր հարցերի և անդրադարձել ենք բարձր մակարդակով,- նշում է Սոսը և հավելում,- Ինձ միշտ, որ հարցնում են՝ լա՞վ ֆիլմ է, թե՞ վատ, ասում եմ՝ ինչի՞ համեմատ․․ Սկորսեզեի վերջին ֆիլմի՞ հետ համեմատած, թե՞ մեկ ուրիշի։ Ես վստահ եմ, որ հայկական շուկայում այն նոր շունչ, նոր ճաշակ, նոր մտահղացում, նոր աշխարհայացք կբերի։
Ես մարմնավորում եմ հայկական մշակույթը, որն ամենախոցելին է, և որը հենց ինձ հետ փորձում են վերացնել, բայց ի վերջո չեն կարողանում»։

«Սողոմանի երգեր»-ում դերասան Արտաշես Ալեքսանյանը ևս թուրքի կերպար է մարմնավորում․ «Մենք ինքներս սովոր չենք հակառակորդին բարձր գնահատել, միշտ թերագնահատել ենք և հենց դրա պատճառով էլ մշտապես հայտնվել ենք ցանր իրավիճակներում՝ ջարդերը մեզ վառ օրինակ։ Իսկ մեր թշնամին այս պարագայում մեզնից լավ գիտի մեր պատմությունը, մեր մշակույթն ու երաժշտությունը։ Դերը բավականին բարդ տրվեց, մեծ աշխատանք ինձնից պահանջվեց։ Կերպարս շատ բազմակողմանի զարգացած է, լավ ճանաչում էր հայի տեսակն ու գիտեր, թե մենք ինչ ենք ներկայացնում մեզնից»։

Հավելենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմը սեպտեմբերի 10-ից ցուցադրվում է բոլոր կինոթատրոններով։

Հեղինակ՝ Լուս Ավագյան
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի