Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է «թխամորթ բնակչության մշակույթի յուրացման» համար իր հասցեին հնչող մեղադրանքներին։
«i-D Magazine» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ իրեն քննադատել են սանրվածքի, մասնավորապես՝ հյուսքերի համար։
«Անկեղծ ասած՝ երբեմն դա անում եմ դստերս համար, քանի որ նա խնդրում է նույնանման սանրվածքներ անել: Ես նաև ուզում եմ՝ դուստրս զգա, որ կարող ենք միևնույն սանրվածքն անել»,- ասել է Քիմն ու հավելել, որ երբեք միտումնավոր չէր փորձի այդ կերպ յուրացնել որևէ մշակույթ:
Հեռուստաաստղը նաև նշել է, որ Հայաստանում հյուսքեր անելու սովորույթ կա: «Մարդիկ մոռանում են, որ ես հայուհի եմ»,- ասել է Քիմը: Ըստ էության՝ Քարդաշյանը սրանով ևս մեկ անգամ ընդգծել է հայկական արմատներ ունենալը:















