Ռուսաստանաբնակ հայտնիներից շատերը վերջին տարիներին իրենց ինստագրամյան էջերի միջոցով զգալի գումարներ էին վաստակում, սակայն ՌԴ տարածքում սոցցանցի արգելափակումից հետո նրանք կարող են զրկվել եկամտի նման աղբյուրից։ Starhit.ru կայքը ներկայացրել է ռուս ամենահաջողակ բլոգերներին և նրանց հնարավոր կորուստները Instagram-ի արգելափակման հետևանքով։
Ինստագրամյան տիրույթում ամենահայտնի բլոգերներից մեկն է Օքսանա Սամոյլովան, որն ունի ավելի քան 15 միլիոն հետևորդ և ակտիվ է շուրջ 10 տարի։ Տարբեր ընկերությունների գովազդի շնորհիվ Սամոյլովան ամսական շուրջ 20 միլիոն ռուբլի է ստանում, որին գումարվում է նաև սեփական արտադրության կոսմետիկ միջոցների ու հագուստի գովազդից ստացված գումարը։
Սոցցանցում ոչ պակաս ակտիվ է նաև Քսենիա Բորոդինան, որն ունի ավելի քան 18 միլիոն հետևորդ։ Ինստագրամյան իր էջում հայտնի հեռուստահաղորդավարուհին անձնական կյանքի մասին հրապարակումների, քննարկումների և գովազդի շնորհիվ միայն նախորդ տարի շուրջ 91 միլիոն ռուբլի է աշխատել։
Instagram-ի շնորհիվ հանրությանը հայտնի դարձած Նաստյա Իվլեևան ինստագրամյան երկու էջ է վարում, որոնցից մեկն ունի շուրջ 19 միլիոն հետևորդ և զգալի եկամուտ է բերում բլոգերին։ 31-ամյա Իվլեևան յուրաքանչյուր գովազդի համար ստանում էր շուրջ մեկ միլիոն ռուբլի, ինչը տարեկան կտրվածքով աստղին շուրջ 35 միլոն ռուբլու եկամուտ էր բերում։
Օլգա Բուզովան հանրությանը հայտնի է հեռուստատեսային շոուներից ու յութուբյան նախագծերից, սակայն աստղը ոչ պակաս ակտիվ է նաև սոցցանցերում։ Բուզովայի ինստագրամյան էջը, որին հետևում է 23 միլիոն մարդ, տարբեր գովազդատուների հետ աշխատանքի արդյունքում աստղին տարեկան ավելի քան 55 միլիոն ռուբլու եկամուտ է ապահովում։
Բավական լուրջ ֆինանսական կորուստ է սպասվում նաև հանրահայտ հաղորդավար ու բլոգեր Իդա Գալիչին, որի ինստագրամյան էջում ընդամենը մեկ գովազդային հրապարակումն արժենում է 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի։ Միայն Instagram-ի շնորհիվ հաղորդավարը տարեկան 110 միլոն ռուբլու եկամուտ է ունենում։