Դրամա, դետեկտիվ, մանկական և արկածային․ ժանրային համաձուլում Արտյոմ Հարությունյանի «Պոլլի» նոր ֆիլմում։
Երեկ՝ ապրիլի 28-ին, կայացավ «Պոլլի» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է փոքրիկ տղայի և շան ընկերության մասին։
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև ShowBiz.am-ը․ մենք զրուցել ենք ֆիլմում նկարահանված դերասանների և ռեժիսորի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի հետաքրքիր կադրերը։
«Ֆիլմի գաղափարը ծնվել է տղայիս հետ, սցենարի բոլոր գծերը, դերասանական անձնակազմն ընտրել եմ տղայիս հետ։ Մի խոսքով ամեն բան համաձայնեցրել եմ տղայիս հետ, քանի որ ֆիլմը նախատեսված էր հենց իր տարիքային խմբի համար»,- մեզ հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Արտյոմ Հարությունյանը։
Ռեժիսորի խոսքով՝ շատ մեծ սիրով և եռանդով են նկարահանել այս ֆիլմը․ «Մենք հաշվի չենք առել ո՛չ ցուրտը, ո՛չ հոգնածությունը և ամբողջությամբ նվիրվել ենք նկարահանումներին»։
Ֆիլմը, ըստ ռեժիսորի, մի քանի ուղերձ ունի․ առաջին հերթին այն է, որ տղան և շունը՝ Պոլլին, միավորվում են աշխարհում ամենակարևոր բանի՝ ընտանիքի պահպանման և վերամիավորման համար։ Երկրորդ ուղերձը Կարմիր գրքում հայտնված կենդանիների որսագողության թեման է․ ֆիլմն առհասարակ կենդանասիրության և ընկերության մասին է։
Անդրադառնալով հանդիսատեսի տարիքային և թեմատիկ հետաքրքրություններին՝ Արտյոմ Հարությունյանը մանրամասնեց․ «Ես կարծում եմ, որ մենք՝ հայերս, շատ զարգացած ժողովուրդ ենք, այնպես որ չեմ ցանկանում թերագնահատել մեր հանդիսատեսին՝ ասելով, որ ֆիլմը միայն նեղ շրջանակներին կարող է հետաքրքրել։ Եթե ֆիլմը չի ստացվել, նշանակում է ռեժիսորը և սցենարիստն են մեղավոր, այսինքն՝ այս պարագայում ես»։
Ֆիլմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արամ Կարախանյանը, Էդիկ Առաքելյանը և այլք:
Լուիզա Ներսիսյանը, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, մեզ հետ զրույցում պատմեց․ «Առաջարկը ստացա Արտյոմից։ Ուղարկեց սցենարը, միասին կարդացինք, բավականին հետաքրքիր էր, և ամենակարևորը հիմա մանկական նախագծերը շատ քիչ են, իսկ այս ֆիլմում գլխավոր հերոսը հենց երեխա է։ Այդ իսկ պատճառով էլ միանգամից համաձայնվել եմ»։
Լուիզան կարծում է, որ նախագիծին հստակ տարիքային սահմանափակում տալը փոքր ինչ սխալ կլինի, քանի որ այն կարող է օգտակար լինել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց․ «Քանի որ այս դարում, եկեք խոստովանենք, երեխաները շատ ավելի հասուն են, զարգացած և խելացի, դրա համար չեմ ցանկանում տարանջատել և ասել, որ սա մանկական է կամ ընդհակառակը՝ մեծահասկաների համար։ Սա ֆիլմ է, որը կհետաքրքրի բոլորին»։
Ֆիլմում Լուիզան մարմնավորում եմ բժշկուհու կերպար, որն ունի անձնական խնդիրներ․ «Ֆիլմում ներկայանում եմ գլխավոր հերոսի՝ Նարեկի մայրիկի դերով։ Այստեղ կա նաև ընտանիքի ոչ լիարժեքության թեման։ Ֆիլմը սկսվում է նրանով, որ մենք տեղափոխվում ենք գյուղ, որտեղ էլ սկսվում են մեր ընտանիքի արկածները»։
Իր հերթին դերասան Սոս Ջանիբեկյանը նշեց, որ այսպիսի նախագծեր մեր երեխաներին շատ են անհրաժեշտ, որոնք կքարոզեն բարություն, կսովորեցնեն ընկերության և նվիրվածության մասին։
«Առաջարկը ստացա Արտյոմ Հարությունյանից, ում հետ արդեն հասցրել եմ աշխատել «Եղբայրներ», «Կյանքի գին» հեռուստանախագծերում։
Հետո ծանոթացա սցենարին և պարզ դարձավ, որ շատ հետաքրքիր և կարևոր թեմաներ են արծարծվելու ֆիլմում։ Ֆիլմը լավ փոխհարաբերությունների, փոքրիկ տղայի և շան ու առհասարակ այն մասին է, որ բարին միշտ վերջում հաղթում է»,- նշեց դերասանը։
Ֆիլմում Սոսը մարմնավորում է տղայի հոր կերպարը։
Ռաֆայել Երանոսյանը, ով ֆիլմում ներկայանում է բացասական կերպարով, շատ բացահայտումներ չցանկացավ անել, միայն իրեն բնորոշ հումորվ կատակեց․ «Ես մի քանի բան կարող եմ պատմել ֆիլմի իմ մասնակցությամբ նկարահանումներից։ Ես իմ մեքենայով առավոտ շուտ գնացել, հասել եմ Ապարան։ Այս ֆիլմում օգտագործել ենք իմ վերկարկուն, որի վրա աղվեսի մորթիներ կան ու առհասարակ ես կենդանիներից վախենում եմ, իսկ իրենք ինձ տարել, մտցրել էին մի տեղ, որտեղ շատ կենդանիներ կային»։
«Պոլլի» ֆիլմը բոլոր կինոթատրոններում կցուցադրվի մայիսի 5-ից։
Նյութը՝ Լուս Ավագյանի