«Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ «Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ» ֆիլմի փակ դիտումը: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 30-ին: Ռեժիսոր Արշո Հարությունյանը և դերասանական անձնակազմը ներկա էին ցուցադրությանը և ShowBiz.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ են պատմել ու անկեղծ բացահայտումներ արել:

Ֆիլմում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լևոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը և Գրիշա Աղախանյանը։

Ռեժիսոր Արշո Հարությունյանը մեզ հետ զրույցում խոսեց ֆիլմի ստեղծման, նկարահանումների, դերասանների ընտրության մասին և ոչ միայն. ««Օպերացիա Մեծապատիվ մուրացկաններ»-ն արկածային կինոնկար է, որն, ի դեպ, իմ սիրելի ժանրն է։ Անպայման ցանկանում եմ շեշտել, որ ֆիլմը Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի հետ ընդհանրապես կապ չունի»:

Խոսելով սյուժեի մասին՝ ռեժիսորը մանրամասնեց. «Ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական և համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում դա իրեն չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարար, հակեր, նախկին ոստիկան, իր սիրելի աղջիկան, ով մասնագիտությամբ լրագրող է և բոլոր այս մարդկանց հետ որոշում իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր և ամենասպասված ստեղծագործությունը»:

Հետո կրքերն ավելի են թեժանում… «Ամերիկահայ միլիոնատեր Սողոմոն Աղայանը գալիս է Հայաստան՝ բիզնես ու բարեգործություններ անելու նպատակով։ Ռեժիսոր Մանուկ Թարխանյանն իր ընկերների հետ խարդախությամբ որոշում է տիրանալ վերջինիս փողերին։ Ամբողջ ֆիլմի հիմքում խաբեություն է, խարդախությունների շարք, բայց հետաքրքիրն այն է, որ այնտեղ օրենքի խախտում չկա։ Այսինքն՝ ամբողջը հիմնված է զգացմունքային դաշտի վրա։ Այս ամբողջ պատմությունը զվարճալի, թեթև տեսարաններով է հագեցած։ Ասեմ ավելին, ֆիլմը դիտելիս, երբ հանդիսատեսն իր համար կսկսի դատողություններ անել, թե ինչ է լինելու այս կամ այն տեսարանից հետո, լինելու է բոլորովին հակառակ պատկերը։ Սա ես անվանում եմ «սալտո», քանի որ ինչպես նշեցի՝ տեսարանները շատ կտրուկ են փոփոխությունների ենթարկվում»,- պատմում է Արշո Հարությունյանը:

Ռեժիսորը խոսեց նաև դերասանական կազմի մասին՝ առանձնակի կերպով անդրադառնալով դերասան Քեն Դավիդյանին. «Այս ֆիլմում կինոսիրողը կտեսնի իրեն արդեն ծանոթ դերասաններին բոլորովին այլ տեսանկյունից, և կբացահայտի նոր ու տաղանդավոր դերասանների։ Պետք է նշեմ, որ ֆիլմում 300-ից ավել դերասան է նկարահանվել, որոնցից կցանկանամ առաձնացնել Քեն Դավիդյանին, ով իր խաղով, մտքով, հումորի զգացումով յուրահատուկ հմայք, համ ու հոտ հաղորդեց ֆիլմին։ Շատ հետաքրքիր, խարիզմատիկ և գրեթե անկառավարելի դերասան է։ Միայն այն հանգամանքը, որ Քենը հայերեն չէր կարդում, ուներ բոլորովին ուրիշ մենթալիտետ և լեզվամտածողություն, բավականին դժվարացնում էր պրոցեսը։ Բայց մեզ շատ արագ հաջողվեց զգալ ու հասկանալ միմյանց։ Նա հաճախ ափսոսանք էր հայտնում, որ ես Հոլիվուդում չեմ, իսկ ես խոստովանում էի՝ որ եթե ինքը լիներ Հայաստանում, ես մեծագույն սիրով անդադար կաշխատեի իր հետ։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Քեն Դավիդյանը համաձայնեց նկարահանվել ֆիլմում, նա իր ներկայությամբ հարստացրեց մեզ բոլորիս»:

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որը ֆիլմում կարևոր գործող անձ է, ներկայացրեց իր կերպարի առանձնահակությունները, ինչպես նաև խոսեց ռեժիսորի և դերասանների հետ հաջող աշխատանքի մասին. «Ֆիլմն այս դարի էլեգանտ խաբեբաների մասին է, որոնք չեն գործում օրենքի սահմաններից դուրս: Բայց իրականում յուրաքանչյուրն ունի իր ստի գիծը, որն ինչ որ մի կետում բախվում է միմյանց: Քանի որ հերոսներից յուրաքանչյուրն այս կյանքից ուզում է քաղել մաքսիմալը, դրա համար էլ տեղի է ունենաում շահերի բախում, այդտեղ էլ սկսվում է ամբողջ պատմությունը:

Շատ եմ սիրել այս դերը, քանի որ միշտ էլ հետաքրքիր է բնավորություն ունեցող կերպարի մարմնավորելը: Ես սիրում եմ լինել գործող անձ, այսինքն՝ ոչ թե զոհ, որին պետք է գան և փրկեն, այլ հենց ինքն է ինչ-որ բան թելադրողը: Այս դեպքում հենց այդպիսի դեր է»:

Անդրադառնալով դերի բարդություններին և յուրահատկությանը՝ Լուիզան շեշտեց. «Իմ աշխատելաոճով ես դերասանների այն տեսակին եմ պատկանում, որ կերպարի մեջ մտնելով՝ այն դառնում եմ ես: Համենայնդեպս ներքուստ զգացել եմ, որ ես այն կինն է, որը հանդիպել է նման խոչընդոտների և պետք է դրանք լուծի: Ինչպես ասում են՝ մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակած տանում, այս կերպարի պարագայում կարելի է ասել, որ աշխարի շալակը ելած մեկին եմ մարմանավորելու»:

Դերասան Ռաֆայել Երանոսյանի և ռեժիսոր Արշո Հարությունյանի հետ աշխատելու փորձ Լուիզա Ներսիսյանը բազմիցս ունեցել է. «Քանի որ Ռաֆայելի հետ Կամերային թատրոնում ենք աշխատում, այնպես չի լինում, որ համագործակցությունը ինչ-որ ինտերվալներով է լինում: Ֆիլմի պարագայում էլ հետաքրքիր էր նորից նրա հետ աշխատելը, քանի որ շատ կարևոր է, երբ նկարահանման հրապարակում աշխատում են քո թիմակիցները, մենք շատ ավելի արագ հասկանում ենք միմյանց ժեստերը, պահանջներն, ու աշխատանքն ավելի հեշտ է տրվում: Բացի այդ Արշոյին էլ է շատ հեշտ մեզ հետ աշխատելը, որովհետև արդեն կես բառից իրեն հասկանում ենք, գիտենք իր աշխատելաոճը և գիտենք, թե մեզնից ինչ է պահանջվում»:

Ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանն անդրադարձավ նախագծի ստեղծման ընթացքին և թեմայի ընտրությանը. «Նախագծի գաղափարը շատ վաղուց է ծնվել: Մենք երկար գնում էինք այս ճանապարհով: Ի սկզբանե նախատեսված էր նկարահանել 16 մաս, բայց բոլորս այնքան ոգևորվեցինք, որ հասկացանք՝ կարելի է նաև լիամետրաժ ֆիլմ ստանալ: Կարծում եմ, որ ֆիլմը հաջողված է, քանի որ եթե Արշոն մի բանի հավատում է, ապա այն անպայման ստացված է: Հենց այսքան հետաքրքիր ու տարբեր ժանրերում ներկայացող դերասանների՝ մի տեղում հավաքվելու փաստը մեզ ստիպեց, որ սերիալից բացի ունենաք նաև ֆիլմային տարբերակը: Ֆիլմը խաբեության մասին է, բայց սա պրոպագանդա չէ, քանի որ ինչպես հայկական մյուս ֆիլմերի մեծ մասում, սա ևս ավարտվում է happy end-ով: Իր ձևաչափով ֆիլմը մեզ մոտ կլինի նորություն, միջազգային շուկայում բազմաթիվ են այսպիսի նախագծերը, բայց մեզ մոտ, կարծում եմ, չի եղել»:

Գլխավոր դերակատար Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում պատմեց իր կերպարից, Արշո Հարությունյանի հետ աշխատելու առավելություններից և նկարահանման հրապարակում ունեցած դժվարություններից:

«Ֆիլմում ներկայանում եմ Մանուկի կերպարում: Մի երիտասարդ, որն ավարտել է Թատերական ինստիտուտը՝ ռեժիսուրայի բաժինը, բայց այդպես էլ չի կարողացել ոչ մի թատրոնում գործ գտնել ու որոշել է՝ ինքը բեմադրի իր կյանքը: Հետաքրքիր մոտեցումներով նախագիծ է, ֆիլմում կտեսնեք ամեն ինչ՝ դրամա, կրքեր, վախ, թրիլլեր, մի խոսքով՝ բոլոր ժանրերում իմ կերպարը ներկայանում է»:

Ռեժիսորի հետ աշխատելը նախագծում ներգրավվելու պլյուսներից մեկն է. «Ինձ բախտ վիճակվել է Արշո Հարությունյանի հետ աշխատել թե՛ ֆիլմում, թե՛ թատրունում, բայց այս անգամ մի տեսակ ամեն բան ուրիշ ձև էր, միգուցե մենք ենք արդեն մեծացել, հասունացել: Ավելի մանրակրկիտ էինք մոտենում կերպարին, նկարահանման ժամանակ ավելի սրտացավ էինք: Ինձ համար շատ բարդություններ կային այս ֆիլմում, ինչո՞ւ: Որովհետև թե՛ որպես կասկադյոր ներկայանալը, թե՛ -15 աստիճանին լողավազանի սառը ջրի մեջ նետվելը հոլիվուդյան ֆիլմերում անում են դուբլյորները, իսկ այստեղ ամեն ինչ արել եմ ես: Հետևանքներ եղել են՝ հիվանդացել եմ, բայց մենք գիտենք, որ արվեստը զոհեր է պահանջում»:

Ֆիլմը նոյեմբրի 30-ից կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Հեղինակ՝ Լուս Ավագյան