Քիմ Քարդաշյանը Փարիզի դատարանում վկայություն տալու ժամանակ կրել է ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ զարդեր (լուսանկարներ)

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որը նախօրեին ցուցմունք է տվել Փարիզի դատարանում՝ 9 տարի առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում, դատարանի դահլիճում կրել է ընդհանուր ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ադամանդյա զարդեր: Գրում է Tert.am-ը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, նա ամբողջովին եղել է սևազգեստ՝ Balenciaga հագուստ, բարձրակրունկներ և սև ակնոց: Նրա կերպարն ամբողջացրել են 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված և 80 ադամանդով զարդարված շքեղ մանյակն ու նույնատիպ ականջօղերը:

Հիշեցնենք, որ ինը տարի առաջ տեղի ունեցած կողոպուտի ժամանակ, հանցագործներն աստղից գողացել էին 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, այդ թվում՝ նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի նվիրած 4 մլն դոլար աժողությամբ նշանադրության մատանին: Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:

Միլիարդատիրուհին դատարան էր ժամանել  մոր՝ Քրիս Ջեների ուղեկցությամբ:

«Ողջույն, ես Քիմ Քարդաշյանն եմ, և ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես Ֆրանսիայի իշխանություններին, որ թույլ տվեցին ինձ ներկայանալ ձեր առջև և պատմել ճշմարտությունը», – ասել էր նա վկայության սկզբում:

Մեղադրյալները 10-ն են՝ 35-78 տարեկան 9 տղամարդ, 1 կին, և ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Նրանք մեղադրվում են զինված կողոպուտի, առևանգման և դավադրության համար: Նրանցից ութը հերքում են մասնակցությունը, իսկ երկուսն ընդունել են ավելի փոքր հանցագործություններ կատարելու մեղադրանքները:

Երեքշաբթի առավոտյան Քարդաշյանի մանկության ընկերը` Սիմոն Հարուշը, որը դատավարության առանցքային վկա էր, Փարիզի դատարանին պատմել է, թե ինչպես է հեռուստաաստղը աղաչել գողերին «վերցնել ամեն ինչ և թույլ տալ իրեն ապրել»:

Նրա խոսքով՝ ինքը լսել է, թե ինչպես է ընկերուհին աղաչում գողերին՝ ասելով. «Ես երեխաներ ունեմ և պետք է ապրեմ: Վերցրեք ամեն ինչ»: Վախենալով, որ գողերը  կփորձեն մտնել իր սենյակ՝ Քարդաշյանի ընկերը փակվել է լոգարանում և հաղորդագրություններ ուղարկել աստղի քրոջը՝ Քորթնիին, և նրա թիկնապահ Պասկալ Դյուվիերին:

«Այդ գիշերը ընդմիշտ փոխեց նրա կյանքը: Ես տեսել եմ նրան վշտի մեջ, ամուսնալուծության ժամանակ, ամենավատ ժամանակներում: Բայց երբեք նրան այս վիճակում չէի տեսել», – նշել է Հարուշը:

Դատավարությունը կտևի մինչև մայիսի 22-ը, իսկ դատավճիռը կկայացվի մայիսի 23-ին: