Փարիզի Օրսե թանգարանը սկսել է հետաքրքիր նախագիծ, որը նախատեսված է ամբողջ տարվա համար։ Վերականգնողական աշխատանքները, որոնք սովորաբար իրականացվում են փակ դռների հետևում, հասանելի են դարձել ավելի լայն լսարանի համար: Փորձագետներն այժմ անմիջապես այցելուների աչքի առաջ վերականգնում են Գուստավ Կուրբեի «Հուղարկավորությունը Օրնանում» կտավը, որը նկարվել է 1849-1850-ական թվականներին:
Շուրջ 50 տարի նկարը չի վերականգնվել. այս ընթացքում լաքի շերտերը դեղնել են, գույները՝ գունաթափվել։ Հսկայական կտավի ծանրությունը դեֆորմացրել է շրջանակը։ Ժամանակի թողած հետքերը շտկելու գործընթացը կարելի է դիտել ցուցասրահում տեղադրված հատուկ ապակու միջոցով։
Կուրբեի 315 x 668 սմ չափերով աշխատանքն իսկական հեղափոխություն էր իր ժամանակի համար. գյուղական բնակիչներին պատկերելով բնական չափերով և ծայրահեղ ռեալիզմով (մինչև մաշկի և հագուստի երանգները) նա սովորական գյուղական թաղման տեսարանը վերածեց լայնածավալ կտավի: Մինչդեռ այն ժամանակ դա խախտում էր ժանրային հիերարխիայի սահմանները. սովորաբար նման չափերը վերապահված էին աստվածաշնչյան և դիցաբանական թեմաներին:
«Հուղարկավորությունը Օռնանում» դարձել է ռեալիզմի նոր գեղագիտության մանիֆեստ։