Ջեքի Չանը վերադարձել է մեծ էկրան

Մայիսի 30-ին տեղի է ունեցել Karate Kid ֆրանշիզայի վեցերորդ մասի համաշխարհային պրեմիերան՝ The Karate Kid: Legends խորագրով։ Ֆիլմը վերամիավորում է Ջեքի Չանին (Պարոն Հանի դերակատարը 2010 թվականի ռիմեյքից) և Ռալֆ Մաչիոյին (Դանիել Լարուսոյի դերակատարը), բայց այս անգամ նրանք միավորվել են՝ մարզելու նոր երիտասարդ մարտիկին։

Գլխավոր հերոսը՝ Լի Ֆոնը (Բեն Վան), քունգ ֆուի վարպետ է Պեկինից: Նա իր մոր հետ տեղափոխվում է Նյու Յորք։ Այնտեղ նա հանդիպում է Վիկտորին և նրա դստերը՝ Միային։ Լի Ֆոնի սերն աղջկա հանդեպ հարուցում է կարատեի տեղի չեմպիոն Քոնորի (Արամիս Նայթ) զայրույթը: Ի վերջո, Լին ստիպված է լինում մրցել նրա հետ՝ չնայած, որ մորը խոստացել էր, որ թողնելու է մարտարվեստը: Մարզվելու հարցում երիտասարդին օգնում են պարոն Հանը (Ջեքի Չան)՝ իր նախկին մարզիչը, և Դանիել Լարուսոն (Ռալֆ Մաչիո):

Ռեժիսոր Ջոնաթան Էնթվիսլի ֆիլմը ստացել է հակասական արձագանքներ, քննադատները դժգոհում են դրա կանխատեսելի սյուժեից, կլիշեների առատությունից և կարճ տեևողությունից (94 րոպե), ինչի պատճառով շատ տեսարաններ թվում են թերի։