«Նոր ալիք 2025» մրցույթում Հայաստանը կներկայացնի Սուրեն Պողոսյանը։ «Fast News Culture»-ը զրուցել է Հայաստանի պատվիրակի հետ։
Սուրենի խոսքով՝ նախնական մի քանի փուլ անցկացվել է օնլայն, որից հետո Հայաստանի 2 ներկայացուցչի հրավիրել են Մոսկվա՝ մասնակցելու կիսաեզրափակիչին։ Կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 28-ին և 29-ին Իգոր Կրուտոյի ակադեմիայում։ Այդ օրը կատարողները ներկայացրել են ինչպես իրենց երկրի հայտնի հիթեր, այնպես էլ հեղինակային ստեղծագործություններ։ Ժյուրին գնահատել է նաև առցանց հայտերը՝ դիտելով Բրազիլիայից, Բուլղարիայից, Վենեսուելայից, Գերմանիայից, Իտալիայից, Կիպրոսից և Նիդերլանդներից ուղարկված տեսագրությունները։ Ժյուրիի կազմում էին մրցույթի ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը, երաժշտական պրոդյուսեր Անաստասիա Մուխինան և ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը։
«Հայաստանից ընտրել էին ինձ և Լուսինե Արուտյունովային։ Ես կատարել եմ Արթուր Գրիգորյանի «Հայ իմ աշխարհ» և «Հայ գարուններ» երգերը, ինչպես նաև իմ երգացանկից «Սեր ու կես» և «The Voice» ստեղծագործությունները։ Ես միշտ իմ ուժերին հավատում եմ, բայց շատ են եղել դեպքերը, երբ հասել եմ ամենավերջին կետին ու ինչ-որ բան չի ստացվել։ Այդ պատճառով կասկածներ ունեի, չէի սպասում։ Երբ անունս հայտարարեցին, շոկի մեջ էի։ Չէի հավատում, որ ինձ հետ է սա պատահում», – անկեղծացավ 27-ամյա երգիչը։
Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 6000 կատարող։ Կիսաեզրափակիչին մասնակցել են 54-ը՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Նիգերիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից։ Մասնակիցները 16-35 տարեկան են։