Վերջերս 13-ամյա երգչուհի Նատալինան ներկայացրել է իր նոր՝ «Don’t Stop» երգն ու տեսահոլովակը։ Գունեղ, էներգետիկ և թինեյջերական տրամադրությամբ աշխատանքը կառուցված է չհանձնվելու, սեփական նպատակներին հետևելու և որևէ խոչընդոտի առաջ կանգ չառնելու գաղափարի շուրջ։
Showbiz.am-ի հետ զրույցում Նատալինայի պրոդյուսեր Մհեր Բաղդասարյանի նշել է երգչուհու հետ համագործակցության առաջարկը ստացել է նրա ծնողներից։ Տեսնելով Նատալինայի պոտենցիալը՝ նա անմիջապես համաձայնել է աշխատել երիտասարդ արտիստի հետ։ Առաջին իսկ հանդիպումներից Մհեր Բաղդասարյանի ուշադրությունը գրավել է աղջկա էկրանային ներկայությունն ու այն վառ էներգետիկան, որը, նրա համոզմամբ, փոխանցվում է անգամ մեկ կադրից։

Պրոդյուսերը Նատալինայի մեջ առանձնացնում է նաև այն, ինչ անվանում է «աստղային որակ»։ Նրա գնահատմամբ՝ նման հատկանիշը սովորաբար ձեռքբերովի չէ և արտիստի մեջ ի ծնե պետք է լինի։
Նատալինայի հետ աշխատանքը Մհերի համար նաև առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում։ Նա նշում է, որ երեխա-արտիստի հետ աշխատելիս իր համար առաջնային է նրա հոգեբանական անվտանգությունը։ Պրոդյուսերի խոսքով՝ ինքը չափազանց նրբանկատ է երեխաների նկատմամբ և մշտապես փորձում է խուսափել ցանկացած քայլից, որը կարող է բացասաբար ազդել երեխայի հոգեբանության վրա։
Միևնույն ժամանակ նա Նատալինային բնութագրում է որպես բացառիկ աշխատասեր և նպատակասլաց երեխա, որը, չնայած տարիքին, մեծ պատասխանատվությամբ է մոտենում աշխատանքին։ Պրոդյուսերի ձևակերպմամբ՝ Նատալինան «երեխայի մարմնում է, բայց զինվորի պես պատրաստ է յուրաքանչյուր մարտի»։
Պրոդյուսերը երիտասարդ երգչուհու ապագան ևս բավական հեռուն է տեսնում։ Նրա համոզմամբ՝ Նատալինան հայկական փոփ երաժշտության ապագա ամենավառ և պահանջված արտիստներից մեկը դառնալու մեծ ներուժ ունի։ Նա առանձնացնում է երգչուհու ձայնը, պարի կարողությունը, արտաքին տվյալներն ու բեմական ներկայությունը՝ ընդգծելով, որ այժմ իրենց հիմնական ուշադրությունը լավ և Նատալինային համապատասխան երգացանկի ձևավորման վրա է։
«Գիտեմ, որ Նատալինան լինելու է հայկական փոփի ապագան և ամենավառ, ամենապահանջված արտիստներից մեկը»,- ասել է Բաղդասարյանը։
Նատալինայի ստեղծագործական ճանապարհին կարևոր տեղ ունի նաև նրա նոր «Don’t Stop» երգը։ Երգչուհին Showbiz.am-ին պատմել է, որ ստեղծագործության հիմնական գաղափարն անմիջապես համապատասխանել է իր բնավորությանը։ Անգլերեն անվանումն ինքնին՝ «Don’t Stop», ըստ նրա, արտահայտում է երգի գլխավոր ուղերձը՝ չհանձնվել, կանգ չառնել և շարունակել շարժվել դեպի երազանքներն ու նպատակները՝ անկախ ճանապարհին հանդիպող խոչընդոտներից։
Նատալինան ընդգծում է, որ հենց այդպիսի վերաբերմունք ունի նաև առօրյա կյանքում․ սիրում է իր արած գործը և դժվարությունների դեպքում նախընտրում է շարունակել առաջ շարժվել, այլ ոչ թե հանձնվել։
Երգի առաջին լսումից երգչուհին պատկերացրել է գունեղ, անմիջական և թինեյջերական տեսահոլովակ։ Արդյունքում ընտրված կոնցեպտն ու գեղագիտությունը ևս մեծապես կապված են հենց Նատալինայի անհատականության հետ։ Նրա խոսքով՝ ակտիվությունը, էներգետիկան և գույները այն հատկանիշներն են, որոնք իրեն բնորոշ են նաև իրական կյանքում։
Տեսահոլովակի ստեղծման ընթացքում Նատալինան ևս ունեցել է իր առաջարկները։ Հատկապես նրա մասնակցությունն ընդգրկվել է գունային լուծումների ընտրության մեջ։ Իսկ այն հատվածները, որոնք, իր կարծիքով, առավել շատ են ներկայացնում իրեն, պարային տեսարաններն են։ Երգչուհին նշում է, որ առօրյայում ևս, երբ չի երգում, սովորաբար պարում է։
Տեսահոլովակի նկարահանումները տևել են 18 ժամ։ Երկար աշխատանքային օրը բարդացել է նաև շոգ եղանակով․ թիմը պարբերաբար ստիպված է եղել դադարներ վերցնել, թարմացնել դիմահարդարումը և հանգստանալ։ Այդուհանդերձ, Նատալինան առանձնացնում է թիմային մթնոլորտը՝ նշելով, որ բոլորն աշխատել են մեծ նվիրումով, ինչի արդյունքում ժամանակի երկարությունն այնքան էլ չի զգացվել։

Նկարահանման ամենաբարդ տեսարաններից մեկը երգչուհու համար բոքսի ռինգում արված հատվածն է եղել։ Տեսարանում նա պետք է հարվածեր տեսախցիկին՝ միաժամանակ պահպանելով բնական ու համոզիչ շարժումը և չվնասելով տեխնիկան։ Նատալինայի խոսքով՝ հենց այդ հավասարակշռությունն ապահովելն էլ տեսարանը դարձրել է ամենաբարդերից մեկը։
«Don’t Stop»-ի տեսողական լուծումների համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև Նատալինայի տարիքին։ Երգչուհին ընդունում է, որ տեսահոլովակում դիմահարդարումը, վարսերը և հագուստը կարող են իրեն իրական տարիքից ավելի հասուն ներկայացնել։ Միևնույն ժամանակ նա դա բնական է համարում տեսահոլովակային ձևաչափի համար՝ ընդգծելով, որ իրական կյանքում իր կերպարը կարող է որոշակիորեն տարբերվել էկրանային կերպարից։
Այս հարցում կարևոր մոտեցում ունի նաև Մհեր Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ երեխա-արտիստի հետ աշխատելիս անհրաժեշտ է հատկապես զգույշ լինել վիզուալ լուծումների հարցում, որպեսզի դրանք չստանան տարիքին անհամապատասխան ուղղվածություն։ Նա նշում է, որ ժամանակակից մեդիա միջավայրում այդ հարցի նկատմամբ զգայունությունը բարձր է, և իր համար առաջնային է, որպեսզի Նատալինայի կերպարը պահպանվի իր իրական տարիքին համապատասխան։
«Ես փորձում եմ, որ Նատալինան մնա Նատալինայի տարիքում՝ 13 տարեկան»,- ընդգծել է պրոդյուսերը։
Բաղդասարյանը նաև նշում է, որ Նատալինայի հետ աշխատանքում կարևոր դեր ունեն նրա ծնողները։ Քանի որ երգչուհին դեռ անչափահաս է, ստեղծագործական գործընթացում համագործակցությունը կառուցվում է նաև ընտանիքի հետ սերտ կապի պայմաններում։ Միևնույն ժամանակ պրոդյուսերը շեշտում է, որ Նատալինային անհրաժեշտ է վերաբերվել որպես արտիստի՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ներուժն ու պատասխանատվությունը։
Նոր «Don’t Stop»-ը այսպիսով Նատալինայի համար ոչ միայն նոր երգ ու տեսահոլովակ է, այլև իր անհատականությունը ներկայացնելու ևս մեկ հնարավորություն։ Իսկ Մհեր Բաղդասարյանի գնահատմամբ՝ երիտասարդ երգչուհու ճանապարհի ամենահետաքրքիր հատվածը դեռ առջևում է։
















