Ծովինար Մարտիրոսյանի ձեռք բերած հմտությունը, ընտանեկան կարանտինն ու դրական տրամադրվածությունը

Կինոյի ու թատրոնի դերասանուհի Ծովինար Մորտիրոսյանը փորձում է հնարավորինս լավատեսորեն վերեբերվել կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին, չնայած այն փաստին, որ շատ ծրագրեր խափանվեցին ու մարդկանց կյանքը շեղվեց բնականոն ընթացքից։ Դերասանուհին տնային մեկուսացման ընթացքում կարողացել է ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուն՝ դերասան Նարեկ Հայկազյանին ու երկու որդիներին՝ Անրիին ու Արշակին։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է ընտանեկան կարանտինի, այս ընթացքում ձեռք բերած նոր հմտության և այլ հետաքրքիր մանրամասների մասին։

Ծովինարn աշխատել է այս ողջ ընթացքում իր ազատ ժամանակը ճիշտ օգտագործել։ Այս ամիսների ընթացքում դերասանուհին նաև նոր հմտություն է ձեռք բերել։ Խոսելով իր կարանտինային առօրյայի մասին՝ նա պատմում է․ «Շատ լավ ֆիլմեր դիտեցի, լավ բաղադրատոմսեր հորինեցի, համեղ ուտեսներ պատրաստեցի ու, կարելի է ասել, իմ մեջ նոր գիծ հայտնաբերեցի։ Երկար ժամանակ էր, ինչ չէի կարղանում ինձ համար բավականաչափ ժամանակ հատկացնել, իսկ այս ընթացքում հասցրեցի շատ գրքեր կարդալ ու հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերել»։

Կորոնովիրուսի համավարակը խախտեց գրեթե բոլորիս ընտանիքների պլանները․ մարդիկ չկարողացան հանգստի մեկնել կամ իրագործել որոշ նպատակներ, որոնք մինչ այս նախատեսում էին։ Բայց դերասանուհու կյանքում ստեղծված իրավիճակի պատճառով խափանվեցին նաև աշխատանքային ծրագրերը, քանի որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, ինչպես մեր հանրապետության բոլոր թատրոնները, ստիպված եղավ չեղարկել բոլոր ներկայացումներն ու անժամկետ հետաձգել պրեմիերաները․ «Բոլոր ծրագրերը խափանվեցին կորոնավիրուսի պատճառով, որովհետև աշխատանքային թեժ ընթացքի մեջ էինք։ Բայց հուսամ, որ ամեն ինչ հնարավորինս շուտ կհարթվի և լավ կլինի»։

Խոսելով տնային մեկուսացման մասին՝ Ծովինարը նշում է․ «Այս համատարած մեկուսացումն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր, բայց քանզի ես լավատես մարդ եմ, ցանկանում եմ լավատեսությամբ նայել ամեն ինչին ու փորձում եմ հնարավորինս հաճույք ստանալ ընտանիքիս հետ անցկացրած ժամանակից։ Փորձում եմ նոր բաներ հայտնաբերել ինձ համար։ Բայց այս վիճակն ունի իհարկե իր բացասական կողմերը ևս՝ օրինակ, շփումների առումով։ Ես իմ ընկերներին արդեն շատ եմ կարոտել և նաև շատ այլ հարազատ մարդկանց, որոնց երկար ժամանակ է չեմ տեսել»։

Ծովինարը երկու տղաների մայրիկ է, որոնք այն տարիքում են, որ այս շրջանում նրանց պարզապես անհնար է երկար պահել տանը, քանի որ երեխաները ձանձրանում են։ Դերասանուհին գտել է որդիների օրը հնարավորինս հետաքրքիր դարձնելու տարբերակը․ «Փառք Աստծո, որ մենք ունենք քաղաքից դուրս գտնվող հանգստի վայր, որտեղ կարողանում ենք անցկացնել մեր ժամանակը։ Հաճախ ենք գնում բնության գիրկն ու կտրվում առօրյայից ու քաղաքի աղմուկից։ Այդպես որդիներս ավելի քիչ են ձանձրանում։ Առհասարակ այս ընթացքում փորձում ենք հնարավորինս հետաքրիր զբաղմունքներ գտնել նրանց համար»։

Դերասանուհին լիահույս է, որ շատ շուտով մարդիկ կկարողանան անցնել իրենց կյանքի բնականոն ռիթմին, դերասանները կկարողանան աշխատել ու վերջապես կրկին բեմ բարձրանալ, հանդիպել սիրելի հանդիսատեսի հետ ու ասում է․ «Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի, ու կհաղթահարենք այս դժվարին փուլը։ Ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն, թող Աստված լինի մեր հույսը, ու իսկապես ամեն ինչ լավ կլինի»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան