Նոր հեռուստասերիալ, նոր ասելիքով․ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ «Թողություն» նոր հեռուստասերիալի մանրամասների և հայկական ֆիլմերի մասին

Շուտով Առաջին ալիքի եթերում կցուցադրվի «Թողություն» հեռուստասերիալը, որի գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լևոնյանն ու Լիլիթ Հակոբյանը:
Պրեմիերային ընդառաջ
ShowBiz.am-ը զրուցել է հեռուստասերիալի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ և պարզել բավականին հետաքրքիր ու տպավորիչ մանրամսաներ, որոնք ստորև ներկայացնում են ձեր ուշադրությանը։

– Ի՞նչ ֆորմատով եք նկարահանել «Թողությունը»։ Ովքե՞ր են աշխատել նոր նախագծի վրա և երբվանի՞ց այն կհայտնվի մեր հեռուստաէկրաններին։

– Սկսենք վերնագրից. «Թողությունը» անգլերեն Remission վերնագրի ոչ ուղիղ թարգմանությունն է։ Ռեմիսիան բժշկական տերմին է։ Հայերենում մենք օգտագործում ենք Ռեմիսիա բառը, դա անբուժելի հիվանդության դադարի շրջանն է, երբ հիվանդությունը քնում է, չի տարածվում։ Բայց ես որոշեցի օգտագործել ոչ ուղիղ թարգմանությունը։ Ինչպես նշում է ֆիլմի հերոսներից մեկը՝ գերմանացի դոկտոր Շլեզինգերը՝ «սա բժշկության մասին չէ, մարդասիրության մասին է»։ Նախագիծը հանդիսատեսին կներկայանա երկու ֆորմատով՝ 16 մասից բաղկացած հեռուստատեսային սերիալ, որ կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ և լիամետրաժ ֆիլմ, որ էկրան կբարձրանա մյուս տարի՝ 2020-ին։

– Սցենարային ընդգծված տարբերություններ կլինե՞ն ֆիլմի ու հեռուստասերիալի միջև։  Ե՞րբ պատրաստ կլինի ֆիլմը։

– Այո, իհարկե, անգամ ժանրային տարբերություն։ Հեռուստասերիալը մելոդրամա է, զգայական տեսարանների, երաժշտության առատությամբ, իսկ ֆիլմը դրամա է, 18+: Երկուսն էլ նույն բանի մասին են՝ բալետի, ետնաբեմի մութ կողմի, սիրո, հավատարմության և դավաճանության, բայց շարադրանքը տարբեր է։ Ֆիլմը անգամ այլ վերնագիր ունի՝ «Մետամորֆոզ2020»։ Այդուհանդերձ երկուսն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ դա շքեղ, շատ տպավորիչ, կասեի՝ սեքսուալ կանանց ներկայությունն է։ Դա այս նախագծի ակնհայտ առավելությունն է։

– Մի փոքր կպատմե՞ք սպասվելիք հեռուստասերիալից ինչպե՞ս է դրա գաղափարն առաջացել։

– «Թողություն» նախագիծը բարդ արտադրական ճակատագիր է ունեցել։ Ընդհատվել է գլխավոր դերակատարներից մեկի՝ Կարեն Ջանիբեկյանի և Բուլղարացի պրոդյուսեր Ժելյո Ժելևի ցավալի մահվան, ֆիլմի դիստրիբյուտոր Լյուկ Նտոնգայի կինոբիզնեսից հեռանալու որոշման և վերջապես ազգային կինոկենտրոն կոչվող կառույցի կողմից ֆիլմի դեմ դավերի պատճառով։ Մենք ահռելի ծավալի նյութեր ունեինք, անցել էինք նախապատրաստական մեծ շրջան ու երբ ես հասկացա, որ հայկական կինոյի կառավարման դաշտում այլևս տիրում է դիլետանտիզմը, ձևափոխեցի ֆիլմի ֆորմատը, դարձրեցի այն հեռուստասերիալ և առաջարկեցի մի քանի հեռուստաընկերությունների։ Ի երջանկություն ինձ, Հանրային հեռուստատեսության ղեկավարությունը առաջինը հասկացավ նախագծի ամբողջ ներուժը ու դրանով երկրորդ կյանք տվեց նախագծին։

– Ինչպե՞ս է ընտրվել դերասանական կազմը։ Հատուկ նպատակ ունեցե՞լ եք դրանում հայտնի դերասաններ ներգրավելու։

– Ես սիրում եմ աշխատել դերասանների հետ։ Դերասանը կերպարի լիարժեք համահեղինակն է, ու ինձ համար էական չէ նրա աստղային կարգավիճակը։ Կարևոր է դերի ընկալումը, աշխատասիրությունը, տաղանդը, նվիրվածությունը իր մասնագիտությանը և ֆիլմին։ Ինձ համար չկան սիրելի և ոչ սիրելի դերասաններ, նրանք բոլորն էլ իմն են։ Իհարկե, կան բացառիկ «իմեր», օրինակ Սոս Ջանիբեկյանը, ում հետ երկար ճանապարհ ենք անցել, կամ Վիվիեն Բաստաջյանը, ում նվիրվածությունը իր մասնագիտությանը ուղղակի բացառիկ հարգանքի է արժանի։ Բայց դա չի նշանակում, որ ես նույն դերասանների հետ եմ աշխատում։ Ոչ, ես միշտ փնտրում եմ։ Այս ֆիլմում ես աշխատել եմ Խորեն Լևոնյանի հետ։ Մարդ, դերասան, արվեստագետ, ում հանդիպում էի առաջին անգամ։ Բայց մենք իրար հետ շատ հեշտ աշխատեցինք։ Հեշտ ու արդյունավետ։ Կարող եմ ասել Խորենը նույնպես դարձավ «իմը»։ Ու դրանում մեզ օգնեց Գաբրիելը, կերպարը, որին հավատաց ու հոյակապ մարմնավորեց Խորենը։ Գաբրիելը իմ ու Խորենի ստեղծածն է։ Սա է, որ ես անվանում եմ համահեղինակություն։

Բացառիկ հաճույք էր Լիլիթ Հակոբյանի հետ աշխատելը։ Լիլիթը Հաննովերի պետական օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի է։ Բազմաթիվ տաղանդներով օժտված պարուհի, դերասանական ահռելի ներուժով։ Նկարահանումների համար նա երկու անգամ թողեց իր հիմնական բնակավայրն ու աշխատանքը Գերմանիայում, եկավ Երևան ու աշխատեց դժվար, կաելի է ասել էքստրեմալ պայմաններում։ Միևնույն ժամանակ տալով պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտության հանդեպ հարգանքի դասեր խմբի բոլոր անդամներին։

– Ինչպե՞ս են ընթացել նկարահանումները։ Ի՞նչ խոչընդոտների եք բախվել։

– Աշխատանքն ավարտելուց հետո այդ մասին անիմաստ է խոսելը։ Դրանք խոչընդոտներ չեն, դասեր են, որ սովորեցնում են ուժեղ լինել։

– Ի՞նչ մեսիջ ունի նախագիծը։

– Արվեստագետը բոլոր դեպքերում պետք է մնա բեմի վրա։ Անկախ ամեն ինչից, անկախ գնից, որ նա ստիպված է վճարել իր երազանքներն իրականացնելու ճանապարհին, նա պետք է մնա բեմում ու անի իր աշխատանքը հանդիսատեսի համար։ Մի կողմ թող ցավերդ, վերքերդ, ոչ մեկին չեն վերաբերվում քո անձնական խնդիրները, դու բեմի վրա ես ու դու պետք է տաս հանդիսատեսին այն, ինչի համար նա եկել է։ Հանդիսատեսը սպասում է և «Շոուն պետք է շարունակվի»։

– Ինչ եք կարծում՝ այսօր ի՞նչ մակարդակ և ընդհանրապես ի՞նչ արժեք ունեն հայկական ֆիլմերը։

– Իմ երկու ֆիլմերը՝ «Թողությունն» ու «Տատիկիս վարսերը» իրականցնելու դեմ հարուցված խոչընդոտները հաղթահարելու համար ես 31 օր հացադուլ եմ արել Մատենադարանի դիմաց։ Այդ օրերին ես զգում էի հասարակության, մեդիայի, իմ հանդիսատեսի, կինո սիրող  ու այնքան էլ չսիրող հազարավոր մարդկանց մասնակցությունն ու ապրումակցումը իմ խնդրի հետ։ Միակ զանգվածը, որի հետ ես չէի առնչվում՝ հայկական կինոյի ներկայացուցիչներն էին։ Այդ մարդիկ խուլ ու համր էին իրենց կոլեգայի, նրա ֆիլմերի դեմ կազմակերպված դավադիր գործողությունների հանդեպ։ Այդ օրերից իմ մեջ ձևավորվեց մի զգացողություն, որ ես առանձնապես կապ չունեմ հայկական կինոարտադրության ու նրանում տիրող կանոնների հետ։ Ես իմ ճանապարհն ունեմ։ Ես ինձ հայկական կինոարտադրության մաս չեմ համարում ու չեմ ցանկանում խոսել հայկական ֆիլմերից։

– Եվ վերջում՝ կասեք, թե ժամանակակից ֆիլմարտադրողը ի՞նչ խնդիրների է բախվում Հայաստանում։ Ի՞նչ եք կարծում՝ հիմա ամենամեծ խոչընդոտը գումարի բացակայությունն է, թե՞ լավ մտահաղացման։

– Տարիների ընթացքում ես ձեռք եմ բերել պրոֆեսիոնալ ընկերներ, որոնց հետ կարելի է անել աշխարհի լավագույն ֆիլմերը։ Կինս՝ Մարինե Զաքարյանը, իմ ֆիլմերի անբաժան համահեղինակը, ում միացել են նաև դուստրերս՝ Անին և Սոնան, որ կարելի է ասել, մեծացել են մեր նկարահանման հրապարակում։ Իմ ընկեր, բեմադրող օպերատոր, պատկերի հետ աշխատանքի մեծ վարպետ Միհրան Ստեփանյանը, հագուստի, ոճի բացառիկ մասնագետ Մադլեն Խաչատրյանը, Կարեն Ծատուրյանը, ում հետ երկար տարիներ են կապում, կոմպոզիտորներ Լիլիթ Նավասարդյանը, Վահան Արծրունին, Վահագն Հայրապետյանը, իմ ասիստենտները, նկարահանող թիմը, կարծես ունենք այն ամենը, ինչ պետք է լավ ֆիլմ նկարելու համար։ Մեր ցավոտ կողմը Հայաստանում շուկայի ու տեխնիկական միջոցների սակավությունն է, ինչի հետևանքով էլ ֆինանսներ չեն ուղղվում մեծ կինո։ Իմ, մեր թիմի համար խոչընդոտը դա է։ Ֆինանսական և տեխնիկական միջոցների առկայության դեպքում չկա այդպիսի նախագիծ, որ մեր ուժերից բարձր լինի։ Բայց սա էլ շտկվող է։ Մենք ուղղակի պետք է ավելի օպտիմալացնենք արտադրական ծախսերը և ընդլայնենք մեր ֆիլմերի շուկան։ Ժամանակի հետ կանենք։

Հեղինակ՝ Լուս Ավագյան