«Դասարանցիները» գեղարվեստական ֆիլմի նոր մանրամասներն ու լուսանկարները նկարահանման հրապարակից

Դերասան, ռեժիսոր Տիգրան Նալչաջյանը շուտով հանդիսատեսի դատին կհանձնի «Դասարանցիները» գեղարվեստական նոր ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա մարտի 4-ին, իսկ կինոթատրոններում հանդիսատեսի համար հասանելի կդառնա մարտի 5-ից։ Տիգրանն այստեղ հանդես է գալիս թե՛ որպես դերակատար, թե՛ որպես պրոդյուսեր։

Դերասանը ShowBiz.am-ին տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից և հետաքրքիր մասնրամասներ պատմել նկարահանումներից, դերասանական կազմից և առաջացած խոչընդոտներից։

«Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Հակոբյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Օֆելյա Հարությունյանը, Սահակ Դուրյանը, Մարգարիտա Հունանյանը, Ալլա Մնոշյանը, Սոֆյա Հովհաննիսյանը, Հասմիկ Հակոբյանը, Դանիել Սիրեկանյանը և ուրիշներ:

Մեզ հետ զրույցում պրոդյուսերը նշում է, որ իրեն միշտ հետաքրքրել են դեռահասների մասին ֆիլմերն ու իրենց վերաբերվող պատմությունները․ «Ինքս էլ աշխատելով այդ տարիքային խմբերի հետ (դասավանդում է դերասանի վարպետություն դերասանական ստուդիայում)՝ միշտ ունեցել եմ ցանկություն ֆիլմ նկարահանելու։ Բազմաթիվ ներկայացումներ ենք բեմադրել, ու կար ցանկություն այս անգամ էլ ֆիլմով ներկայանալու»։

Ֆիլմի սցենարն իր ամբողջական տեսքն արդեն ստացել է 2018 թվականի ամռանը, ի դեպ, այն հենց Տիգրանն է գրել։ 2019-ի ապրիլ-մայիս ամիսներին էլ ֆիլմի նկարահանումներն ավարտին են հասել, որից հետո էլ սկսվել է մոնտաժի, մշակման աշխատանքների փուլը: Մարտի 5-ից ֆիլմը կլինի մեծ էկրաններին։

«Դասարանցիները» ֆիլմում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանի սաները։ «Այս պարագայում իմ գործը բավականին հեշտացել էր, քանի որ ես գիտեի իմ սաների ուժեղ և թույլ կողմերը, գիտեի իրենց բնավորության գծերը, այսինքն՝ ում հետ ոնց պիտի աշխատեմ ու նաև դերաբաշխումը կատարելիս հաշվի եմ առել նրանց դերասանական որակները, որպեսզի ամեն ինչ ճիշտ կատարվեր»,- հավելում է ֆիլմի պրոդյուսերը։

Ֆիլմում կան նաև հրավիրված դերասաններ․ ինչպես օրինակ՝ դպրոցի տնօրենի դերում հանդես եկող՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը, ում կերպարը շատ հետաքրքիր և հակասական է։ Մոսկվայից հրավիրված դերասան Սահակ Դուրյանը ևս իր մասնակցությունը կունենա: Դերասանը խաղացել է 40-ից ավելի ռուսական ֆիլմերում և առաջին անգամ հանդես կգա հայկական նախագծում։ «Դասարանցիներ»-ում կլինեն նաև բազմաթիվ երիտասարդ դերասաններ, որոնց հիմնական մասը անծանոթ կլինի հայ հանդիսատեսին։

Տիգրան Նալչաջյանը ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ իր երազած կերպարին։ «Սա ինձ համար շատ կարևոր դեր է, թե ասելիքի տեսանկյունից, թե պատմության խորությամբ։ Ես էլ եմ սրտատրոփ սպասում ֆիլմի պրեմիերային և հանդիսատեսի արձագանքին»,- անկեղծանում է դերասանը։

Ֆիլմը շատ մոտիվացնող, դաստիարակչական բնույթ ունի, ժանրային առումով այն կոմեդիա է, դրամա և ընտանեկան։ Դերասանի կարծիքով՝ այն ավելի շատ նախատեսված է մեծահասակների համար, սակայն երեխաներն էլ կարող են հանգիստ դիտել, որևէ սահմանափակում չկա։

«Նկարահանումները հարթ են ընթացել, իհարկե, մանր խոչընդոտներից հնարավոր չի եղել խուսափել, քանի որ ֆիլմն առանց խնդիրների երբեք հնարավոր չի նկարահանել։ Իմ փորձը և հատկապես այն հանգամանքը, որ մենք իրար լավ ճանաչում էինք, շատ է օգնել նկարահանման հրապարակում»,- եզրափակում է Տիգրան Նալչաջյանը։

Հեղինակ՝ Լուս Ավագյան