Չինաստանում չեղարկվել է Ջեյմս Բոնդի մասին նոր «Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի պրեմիերան

Չինաստանում չեղարկել են 007 գործակալի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի պրեմիերան, ինչպես նաև երկրում պրոմո-արշավը: Այս մասին հաղորդել է Deadline պարբերականը:

Ծրագրվում էր, որ ֆիլմի ցուցադրությանը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կմեկնի Դենիել Քրեյգը, որի համար սա Ջեյմս Բոնդի թվով 5-րդ և վերջին մարմնավորումն է:

Պրեմիերայի չեղարկումը ֆիլմի պրոդյուսերները բացատրել են Չինաստանի տարածքում կարանտինով և «համաճարակի տարածման շուրջ առկա անորոշությամբ»:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սպառնալիքը «պայթեցրեց» Չինաստանի ժամանցային ինդուստրիան: Երկրի կինոթատրոնների խոշորագույն ցանցերի ղեկավարներն իրենց սրահներն անորոշ ժամանակով փակել են:

«Մեռնելու ժամանակը չէ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Մեծ Բրիտանիայում ապրիլի 2-ին: Ռուսաստանում ֆիլմը վարձույթի դուրս կգա ապրիլի 9-ին: