«Ծեր էր և ժլատ». Ալ Պաչինոյի նախկին ընկերուհին պատմել է բաժանվելու պատճառների մասին

Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոյի նախկին ընկերուհին՝ 40-ամյա դերասանուհի Մեյթալ Դոհանը, իսրայելական LaIsha ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ իր և դերասանի բաժանության պատճառը 39 տարվա տարիքային տարբերությունն ու դերասանի ժլատությունն են եղել, գրում է Fox News-ը:

«Դժվար է լինել տարեց մարդու կողքին, դա ճշմարիտ է նույնիսկ Ալ Պաչինոյի պարագայում: Փորձում էի անտեսել այդ փաստը, բայց նա իսկապես հասակն առած մարդ է: Նունիսկ իմ սերը չփրկեց մեր հարաբերությունները»,- հայտնել է դերասանուհին:

Հրեա դերասանուհու խոսքով՝ 79-ամյա Պաչինոն չի սիրում գումար ծախսել:
«Ինչպե՞ս կարող եմ ավելի քաղաքավարի ասել, որ նա չի սիրում գումար ծախսել: Նա ինձ միայն ծաղիկներ էր նվիրում»,- հայտնել է Դոհանը:
Մեյթալ Դոհանը ամսագրին նաև պատմել է, որ բաժանությունից անկախ, նրանք շարունակում են մտերիմ ընկերներ մնալ։