«Խենթ, խենթ» երգը վերադառնու՞մ է․ Վարդան Սարգսյանը՝ երգարվեստ վերադառնալու, երկար ճամփորդելու ու ամուսնության բանաձևի մասին

Showbiz.am կայքը զրուցել է «Տնից հեռու» հեռուստանախագծի հաղորդավար, երգիչ Վարդան Սարգսյանի հետ, ով պատմել է, թե ինչպե՞ս է փոխվել իր կյանքը կարանտինի ընթացքում, ինչպիսի՞ն է պատկերացնում իրեն ամուսնությունից հետո ու նաև ի՞նչ մեծ անակնկալ է պատրաստվում մատուցել իր երկրպագուներին կարանտինից հետո։

Նշենք, որ Վարդան Սարգսյանը «Տնից հեռու», «Աշխարհի Համերով» հաղորդաշարների շրջանակում ճամփորդում է երկրեերկիր և բացահայտում տեղի մշակույթը, տեսարժան վայրերը, ավանդույթները, զրուցում է ամենատարբեր աստղերի հետ։ Հարցազրույցներում Վարդանը բազմիցս նշել է, որ մտադիր է ավելի վտանգավոր երկրներ մեկնել և ռիսկային նկարահանումներ իրականացնել՝ նույնիսկ մարդակերների հետ։
Սակայն կորոնավիրուսի կանխարգելման համար սահմանված կարանտինը հիմնովին փոխեց նրա ծրագրերը։

Վարդանը պատմում է, որ գործի առումով ամեն ինչ վատ է, որովհետև իր տուրիստական կազմակերպությունը փակ է, թռիչքները՝ չեղարկված։ Սակայն անգամ այս իրավիճակում Վարդանը դրական կողմեր է գտնում։
«Վերջին տարիներին այնպես էր ստացվել, որ տարվա մեջ ընդամենը մի քանի օր էի լինում Հայաստանում, իսկ կարանտինը հիմա առիթ է ընտանիքիս հետ ժամանակ անցկացնելու ու կարոտս առնելու։ Իսկ ապագա բոլոր ծրագրերս հարցականի տակ են, որովհետև թե՛ հեռուստատեսային, թե՛ տուրիստական գործունեությունս կապված է կարանտինի հետ»,-ասում է արտիստը։
Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը մշտապես ճամփորդությունների մեջ է․ շատերն են երազում ապրել գեթ մեկ օր երգչի կյանքով։
«Իհարկե, ճամփորդել սիրում են բոլորը, երևի դրա հետ է  կապված, որ շատերը կցանկանային ունենալ իմ աշխատանքից, սակայն երբ ճամփորդելուն գումարվում են նկարահանումները, հավատացեք՝ արդեն էլ երանելի իրավիճակ չի լինում։ Նկարահանումները սկսվում են ժամը հինգից, մենք չենք ունենում ոչ մի ազատ օր հանգստանալու համար, իսկ նկարահանումներից այնքան ենք հոգնում, որ շատ ժամանակ քնում ենք ինքնաթիռներում թռիչքների ժամանակ»,-կիսվում է նա։

Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում, Վարդանը խոստովանել էր, որ ցանկանում է ամուսնանալ այլազգի կնոջ հետ ու ապրել Հայաստանի սահմաններից այն կողմ, սակայն հիմա արտիստի ցանկություններն այլևս առաջվանը չեն։
«Ժամանակին ասում էի, որ կցանկանամ ամուսնանալ ու Հայաստանից դուրս ապրել, սակայն հիմա ամեն ինչ փոխվել է։ Այնքան վայրերում եղա, որ հասկացա՝ ամենահարազատ վայրն ինձ համար Հայաստանն է, ու միանշանակ, կցանկանամ միայն այստեղ ապրել։ Մեր հայուհիները անփոխարինելի են և՛ որպես մայր,  և՛ որպես քույր, և՛ որպես կին, ու չկա նրանց նմանը»,- պնդում է Վարդանը։

Խոսելով բնավորության այն գծերի մասին, որոնք իրեն նյարդայնացնում են կնոջ մեջ՝ Վարդանը նշում է․ «Ինձ համար հայուհիները յուրահատուկ տեղ ունեն։ Իհարկե, եթե խոսենք վատ կողմերի մասին, ասեմ, որ ազատ ժամանակ, երբ տարբեր կայքերում հրապարակված նյութերի մեկնաբանություններն եմ կարդում ու տեսնում եմ աղջիկների կողմից գռեհիկ կարծիքներ, սարսափում եմ, սակայն սա վերաբերվում է ոչ միայն հայուհիներին, այլ բոլոր ազգերի կանանց։ Իմ կարծիքով դա կնոջն անհարիր վարքագիծ է, կինը չպետք է իրեն նման բաներ թույլ տա։ Ցավոք սրտի, վերջերս հաճախ եմ նման անմակարդակ, կոպիտ ու աղջկան ոչ սազական մեկնաբանություններ կարդում»։

Քանի որ Վարդանը տարվա մեծ մասը ճանապարհորդում է և տանը կարող է լինել տարվա մեջ մի քանի շաբաթ կամ ընդամենը մի  քանի օր, իր ապագա ընտրյալի համար երգիչը հարմարավետ տարբերակ է առաջարկում՝ ասելով․«Եթե ամուսնությունից հետո կինս ցանկանա, ապա թող ինձ հետ ճանապարհորդի»։

Վարդանը նաև վստահեցնում է, որ մինչև ամուսնությունը իր աշխատանքը նա ոչ մի դեպքում չի փոխի և բացատրում է, թե ինչու․ «Այն, ինչով ես զբաղվում եմ, եղել է իմ երազանքը։ Ես ստեղծել եմ մի աշխարհ, որն ինձ շատ հետաքրքիր է։ Սկզբից այն հոբբի էր, հետո դարձավ աշխատանք, բիզնես։ Ես աշխատասեր եմ, ինձ մեղու են շատերն անվանում։ Կարծում եմ՝ այս մասնագիտությունն ինձ սազում է, և ես աշխատանքս լավ եմ անում։ Այս տարիների ընթացքում ես ճամփորդել եմ հազարավոր մարդկանց հետ ու ինձ համար հաղթանակ է այն, որ նրանք բոլորը գոհ են ու էլի են ցանկանում ինձ հետ ճամփորդել։ Նույնը վերաբերվում է նկարահանումներին, որովհետև չեմ խնայում ինձ ու ընտրում եմ ամենաբարդ, հետաքրքիր ճանապարհները։ Այն, ինչ անում եմ, անում եմ սիրով»։

Մենք հետաքրքրվեցինք՝ ակտիվ ճամփորդելու և հեռուստատեսային բուռն կարիերայի ընթացքում Վարդանը ցանկություն ունի՞ դեռ զբաղվելու երգարվեստով, թե՞ նա վերջնականապես հեռացել է այդ ասպարեզից։

«Այնպես ստացվեց, որ վերջին տարիների ընթացքում երգն ինձ մոտ 3-րդ, 4-րդ պլան անցավ, որովհետև տարվա մեծ մասը ճանապարհորդությունների մեջ եմ լինում»,- պատասխանում է Վարդանն ու նշում, որ իր երկրպագուների համար ուրախալի ու շատ կարևոր նորություն ունի․ «Բոլորը հիշում են իմ «Խենթ, խենթ» երգը ու ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ։ Քանի որ տարիներ առաջ Ռաֆայել Երանոսյանը «Կարգին հաղորդման» շրջանակներում իմ տնազն էր անում ՝ երգելով «Խենթ,խենթ» երգը, որոշեցի, որ հենց իր հետ պետք է ներկայացնել այդ երգը նորից, բայց այս անգամ նոր մոտեցմամբ։ Երգն արդեն ձայնագրված է, տեսահոլովակն էլ արդեն պետք է նկարահանեինք, սակայն կորոնան խառնեց մեր բոլորի պլանները։ Իմ կարծիքով սա կլինի հետաքրքիր ու գեղեցիկ  վերադարձ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան