Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը ռուսերեն լեզվով վիրավորական արտահայտություն է արել ԱՄՆ աշխատանքի նախկին նախարար Ռոբերտ Ռայխի հասցեին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Իլոն Մասկը սպառնում է զրկել մարդկանց աշխատանքից, եթե նրան թույլ չտան ռիսկի ենթարկել այդ մարդկանց առողջությունը: Կապիտալիզմ` իր ամենավատ արտահայտվածությամբ»,- գրել է իր թվիթերյան էջում Ռայխը:
Մասկը իր հերթին նույն հարթակում մեկ ռուսերեն բառով պատասխանել է նախկին նախարարին:
«Идиот (հիմար)»,- գրել է ամերիկացի գործարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Tesla ընկերությունը իր շտաբ-բնակարանը և հետագա ծրագրերը Կալիֆոռնիայից կտեղափոխի մեկ այլ նահանգ: Որոշման պատճառը կորոնավիրուսի հետևանքով նահանգային իշխանությունների կողմից էլեկտրական մեքենաների արտադրության վերսկսման արգելքն է դարձել: