Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հուզիչ կերպով շնորհավորել է որդու 9-ամյակը։
Հիշեցնենք, որ երգիչ Հայկոյի և երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության լուրերը վերջին շրջանում շրջանառվում էին հայկական տարբեր լրատվամիջոցներում, սակայն հայտնի զույգը հրաժարվում էր դրան որևէ մեկնաբանություն տալ:
Անահիտ Սիմոնյանը տեղեկությունը հաստատեց Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի:
«Արման, ուղիղ 9 տարի առաջ այս օրը դու հիմնովին փոխեցիր կյանքս՝ լույս աշխարհ գալով (ի դեպ, լուսանկարն արվել է ծննդատնից դուրս գրվելիս)։ Ես նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ դու այդքան քաղցր ես, խելացի և հասկացող, ինչպիսին հիմա դարձել ես… Հիշելով՝ որքան փոքր էիր, անօգնական ու հանգիստ, ես հիմա նայում եմ քեզ ու հպարտանում։ Հպարտանում եմ, որ դու բարի սիրտ ունես, որ սիրում ես կենդանիներ, որ միշտ պատրաստ ես օգնության ձեռք մեկնել կարիքն ունեցողին, որ լավ ես սովորում, որ հարգում ես մեծերին, որ նույնիսկ երբ վիճում ես ընկերներիդ հետ, երկար չես կարողանում նեղացած մնալ և պարտադիր հաշտվում ես, որ նույնիսկ համակարգչային խաղերում այնքան արդար ես, որ անարդարության պատճառով կարող ես արտասվել ու դուրս գալ խաղից…
Եվ դու հենց այսպիսին պետք է դառնայիր, որովհետև քո ծնողները երբեք ոչ ոքի չարը չեն ցանկացել, չեն վնասել, ստոր քայլեր չեն արել, ոչինչ՝ բացի բարությունից ու մտերիմներին օգնելուց, և Աստված, տեսնելով այդ ամենը, պարգևատրել է քեզանով և շարունակում է պարգևատրել քո բնավորությամբ ու որակներով, որոնք մենք այս տարիքից արդեն տեսնում ու զգում ենք… Հիմա դու արդեն այնքան մեծ ես, որ ինքդ ես որոշում՝ ինչ հագնել, որտեղ նշել տոները, ում հրավիրել… Դու արդեն որոշում ես՝ ինչ ես հագնեմ։ Իսկ ես ընամենը կատարում եմ քո ցանկությունները և դա ամբողջ կյանքում կանեմ մեծ սիրով։
Հիմա դու պառկած ես կողքիս, ու ես տաքանում եմ քո ջերմությամբ։ Որովհետև հենց դու ես ջերմացնում մայրիկի սիրտը նույնիսկ ամենածանր օրերին… Ես ամենաերջանիկ մայրն եմ միայն այն պատճառով, որ քեզ նման որդի ունեմ։ Եվ Աստված տա, որ դու, ամենակարևորը, մեծանաս լավ մարդ և արժանի հայ։ Իմ սրտի մասնիկ, ուզում եմ, որ դու առողջ լինես և ժպտաս, մնացածի մասին մենք հոգ կտանենք… Ես քեզ շատ եմ սիրում»,- գրել է նա։