Համացանցում է հայտնվել Պատինսոնի մասնակցությամբ Բեթմենի մասին նոր ֆիլմի առաջին թիզերը (տեսանյութ)

Ամերիկյան Warner Bros. կինոստուդիան հրապարակել է դերասան Ռոբերտ Պատինսոնի մասնակցությամբ կոմիքսային սուպերհերոս Բեթմենի մասին ֆիլմի թիզերը։

Բեթմենի մասին նոր ֆիլմի առաջին թիզերը ներկայացվել է DC Fandome միջոցառման ժամանակ։ Հոլովակը հայտնվել է նաև Warner Bros. կինոստուդիայի յութուբյան ալիքում։

Պատինսոնից բացի, ֆիլմում խաղում են նաև Զոյի Կրավիցը, Փոլ Դանուն, Ջեֆրի Ռայթը, Ջոն Տուրտուրոն և այլք։ Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվսն է, ով նաև սցենարի հեղինակներից մեկն է։

Ինչպես նշված է թիզերի նկարագրության հատվածում, «Բեթմեն» ֆիլմը համաշխարհային էկրաններին կհայտնվի 2021 թվականի հոկտեմբերի 1-ին:

Պատինսոնն ամենաերիտասարդ դերասանն է, որ երբևէ մարմնավորել է Բեթմենին մեծ էկրանին: Բեթմենի դերում հանդես են եկել մի շարք հայտնի դերասաններ, այդ թվում՝ Քրիստիան Բեյլը, Ջորջ Քլունին, Բեն Աֆլեքը, այլք: