«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման երևանյան առաջին ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին

Հունվարի 28-ից էկրաններ է բարձրանում  «Հարսանիք թիկունքում» համանուն ներկայացման հիման վրա նկարահանած ֆիլմը: Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել, խաղացվել է լեփ-լեցուն դահլիճներում, սակայն տեխնիկական խնդիրները միշտ չէ, որ տվել են հնարավորություն դրա աշխարհագրությունը մեծացնելու:

«Ցանկություն կար, որ ներկայացումը հասանելի դառնար ավելի մեծ լսարանի համար, այդ պատճառով որոշվեց ֆիլմ նկարահանել, էկրանավորել ներկայացումը, որի միջոցով այն նաև կմնա պատմության մեջ: Ցավոք սրտի, այսօր ֆիլմի ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի՝ պայմանավորված վերջին պատերազմով, վերքերը դեռ թարմ են»,-ասաց ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ առաջարկը հեշտությամբ չի ընդունել, քանի որ տվյալ գործն արդեն մեծ հաջողություն ունի, ներկայացումը  պրոֆեսիոնալ բեմադրված է. «Որևէ այլ ռեժիսորի առաջարկ չէի ընդունի, բայց քանի որ տվյալ դեպքում առաջարկը վերաբերում էր ինձ հարազատ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին, իսկ բեմադրող Լյուդվիգ Հարությունյանը, նախագծի հեղինակ Տիգրան Վիրաբյանը և պրոդյուսեր Արման Միտոյանն իմ ընկերներն են, չէի կարող չընդունել առաջարկը»:

Ֆիլմի ստեղծագործական թիմը նաև նորարություն է արել, որը մինչ այդ երբեք Հայաստանում չէր արվել:  «Հարսանիք թիկունքում» ֆիլմը նկարահանվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Ըստ Արշալույս Հարությունյանի՝ կարող էին Գյումրիում բնակարան վարձակալել և այլ նկարահանման հրապարակ գտնել, սակայն փորձել են պահպանել ներկայացման աուրան:
Թատրոնի բեմում ենք նկարահանել, սակայն, միանշանակ, կարող եմ պնդել, որ հեռուստաթատրոն չէ, այլ ֆիլմ է: Դեկորացիաներից սկսած ադապտացիայի է ենթարկվել ամեն ինչ, շատ մանրակրկիտ աշխատանք է տարվել: Գուցե հանդիսատեսը նույնիսկ չնկատի, որ գործողությունները կատարվում են թատրոնի բեմում, սակայն մենք այնքան խանդավառված ենք մեր կատարած աշխատանքով, որ ցանկանում ենք անպայման ասել այս փորձի մասին»,-ասաց Արշալույս Հարությունյանը:

Ռեժիսորն ասաց, որ  փոփոխությունները չեն վերաբերել դերասանական կազմին: Ներկայացման դերասանական կազմը չի փոխվել. խաղում են ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Հարությունյանը, Տարոն Գրիգորյանը, Արսեն Սաղաթելյանը, Ջեմմա Ադամյանը և այլք:

«Ունեմ պրակտիկա, երբ էկրանավորման դեպքում փոփոխություններ եմ մտցնում դերասանական կազմում, սակայն այս անգամ խուսափեցի փոփոխություններից: Ցանկացած ռեժիսորի համար երազելի աշխատանքային մթնոլորտ էր, աշխատում էի նվիրյալների հետ»,-նշեց Արշալույս Հարությունյանըւ:

Հավելենք, որ  փոփոխություն չի եղել նաև սցենարում: «Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է:  Գործողությունները տեղի են ունենում  ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում: Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմությունն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել:

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

«Ֆիլմի պրեմիերան պետք է լիներ դեռ նախորդ տարի՝ ապրիլի 2-ին, սակայն սկսվեց համաճարակը, ու որոշեցինք 2021-ի ապրիլին անել պրեմիերան, բայց վերջին իրադարձություններից հետո  հասկացանք, որ հիմա ճիշտ ժամանակն է: Թեպետ  հիմքում Քառօրյա պատերազմն է, սակայն թեման հիմա արդիական է: Եթե ներկայացումն արդեն դիտել եք, դա դեռ չի նշանակում, որ ֆիլմը հետաքրքիր չի լինի, այն նոր գույներ և հետաքրքրություններ ունի: Վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր սիրել են ներկայացումը, կսիրեն նաև ֆիլմը, կվերապրեն նույն էմոցիաները, որոնք արդեն ունեցել են այս գործից: Կարծում եմ՝ քիչ թե շատ հոգի ունեցող մարդը չի կարող թեմայի նկատմամբ անտարբեր լինել: Չնայած պետք է ասեմ, որ մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների, մենք այս ֆիլմը  նվիրվում ենք հայ զինվորին»,-ասաց Արշալույսը:

Ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժի ռեժիսոր՝ Սուրեն Սարգսյան, պրոդյուսեր՝ Արման Միտոյան, սցենարը՝ Անահիտ Աղասարյանի, բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հայկո, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի: Մտահղացումը՝ Տիգրան Վիրաբյանի: