«Լուսեի հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ». Անուշկա Մարգարյանը՝ «Սարի աղջիկ»-ում իր դերի և գործընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին

Բազմաթիվ հեռուստանախագծերում իր խաղացած դերերով ճանաչում գտած դերասանուհի Անուշկա Մարգարյանն այժմ նկարահանվում է Արմենիա TV-ի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Անուշկան ShowBiz.am-ի հետ զրույցում պատմել է հեռուստասերիալում իր դերի, գործընկերների հետ ունեցած հարաբերությունների, նախորդ տարում ունեցած դժվարությունների մասին և ոչ միայն:

Դերասանուհին խոսելով իր դերի մասին՝ հատկանշական է համարում այն հանգամանքը, որ չնայած իր կերպարն այդքան էլ ակտիվ չէ, սակայն իր կարևոր և առանձնահատուկ տեղն ունի նախագծի հետաքրքիր զարգացման և լարված ընթացքի ապահովման գործում։
«Նկարահանումները բավականին հետաքրքիր են անցնում։ Երբ դու սիրում ես այդ գործընթացը, անկախ ամեն ինչից՝ դրա մեջ կարողանում ես հետաքրքրություններ գտնել։ Նկարահանումները տեղի են ունենում Մրգաշեն գյուղում, այն շատ հեռու չէ մայրաքաղաքից և այդ առումով շատ դժվարություններ չի առաջացնում։ Շաբաթվա մեջ մեկ-երկու օր լինում եմ նկարահանման՝ կախված սցենարային լուծումներից»,- պատմում է Անուշկան։

Վերհիշելով անցած տարվա դժվարություններն ու ծանր ապրումները՝ կապված կորոնավիրուսի, ապա նաև Արցախյան պատերազմի հետ՝ դերասանուհին նշում է, որ դրանք իր վրա ավելի շատ հոգեբանական առումով են ազդեցություն գործել: «Բոլորս անտրամադիր էինք, անգամ նկարահանումների ժամանակ բոլորիս մոտ կար ցրվածություն կամ լարվածություն։ Չնայած դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ աշխատանքը փրկում էր, օգնում ինչ-որ չափով դուրս գալ այդ իրավիճակից»,- հիշում է դերասանուհին։

Հաշվի առնելով նախորդ տարվա, մեղմ ասած, ոչ հաճելի մեկնարկն ու ընթացքը՝ շատերս մեր հույսերն ու սպասելիքներն արդեն կապում ենք այս տարվա հետ, Անուշկան ևս բացառություն չէ. «Այս տարվա հետ կապված սպասելիքներս շատ մեծ են։ Հույսերս միշտ դրական են լինում: Կարծում եմ, որ գոնե այդ առումով պետք է միշտ դրականորեն տրամադրվել։ Իմ փորձից գիտեմ՝ միշտ չէ, որ սպասումներն իրականություն են դառնում, բայց պետք է շարունակել աղոթել և հավատալ: Հուսանք, որ իրոք ամեն բան լավ կլինի, կարևորը ոչ մի պարագայում իրար հանդեպ չչարանանք»,- նշում է Անուշկան։

Աշխատանքից դուրս դերասանուհին միշտ փորձում է ժամանակ գտնել և այն հատկացնել կանոնավոր մարզումներին՝ այցելելով մարզասրահ։ Դրա հետ մեկտեղ Անուշկան նաև նշում է, որ սիրում է երգել, և եթե ազատ ժամանակ է լինում, այցելում է կարաոկե-ակումբներ և դրա օգնությամբ որոշ չափով լիցքաթափվում։

Խոսելով նկարահանման հրապարակում գործընկերների հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Անուշկան շեշտում է, որ առհասարակ խնդիրներ չի ունենում մարդկանց հետ շփման ժամանակ. «Կարելի է ասել, որ ես եմ միշտ առաջին քայլը անում։ Երբ նոր մարդ է գալիս, բնական է, որ այդ կաշկանդվածությունը չի կարող չլինել, դրա համար էլ միշտ փորձում եմ ես շփման եզրեր փնտրել։ Այդպես նրանք ավելի հեշտ ու արագ են ինտեգրվում նոր միջավայրում։ Նկարահանող անձնակազմի և դերասանների հետ ոչ մի տիպի խնդիրներ չունեմ, բոլորն էլ շատ դրական և մարդամոտ մարդիկ են, և այդ առումով բոլորիս բախտն իրոք շատ բերել է»։

Մյուս դերասաններից զատ՝ Անուշկան շատ ջերմ հարաբերություններ ունի գլխավոր հերոսուհուն մարմնավորող դերասանուհու՝ Աիդայի հետ. «Աիդան շատ-շատ դրական, մաքուր երեխա է։ Նրա հետ շփումը շատ հեշտ է ստացվում։ Աիդան շատ թեթև, բարի, խելացի անձնավորություն է։ Ի դեպ, ես նրանից 14 տարի մեծ եմ, գուցե ավելի շատ)), սակայն շատ հանգիստ կարող եմ նրանից խորհուրդ հարցնել և այն մեծ պատրաստակամությամբ ընդունել»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան