Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակի, արտասահման մեկնելու և գլխավոր ցանկության մասին


«Փափուկ խաղալիք» հեռուստասերիալի երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը դարձավ 18 տարեկան։
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է, թե որն է իր գլխավոր երազանքը, ամենաստացված նվերն ու ինչպիսին է ինքն իրեն տեսնում 10 տարի անց։

18-ամյակին շատերն են անհամբերությամբ սպասում՝ կտրուկ փոփոխությունների դիմելու և չափահաս կյանք ոտք դնելու համար։
Իլոնան նույնպես երկար էր սպասում այս օրվան, որովհետև դրա համար ուներ կարևոր պատճառ․«Մեքենա ունենալն իմ փոքրիկ երազանքն է, հենց դրա համար սպասում էի 18 -ամյակիս, որպեսզի վարորդական իրավունք ունենամ»։


 Դերասանուհին կիսվում է, թե ինչ է մաղթում ինքն իրեն այդ կարևոր օրվա կապակցությամբ։
«Ինքս ինձ կմաղթեմ, որպեսզի էմոցիաներիցս կարողանամ ձերբազատվել և պահել դրանք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։ Որովհետև ամեն տեղ չէ, որ պետք է ցույց տալ ուրախությունը, տխրությունը, բարկությունը»,-պատմում է նա։

«Ես հենց 12-ին՝ մոմը փչելիս երազանք պահեցի, որ խաղաղություն լինի։ Դա այս տարվա իմ գլխավոր երազանքն է»,– ասում  է Իլոնան։

Ինչ վերաբերում է նվերներին՝ Իլոնան չունի հատուկ նախընտրած նվերներ, նրա համար այդ հարցում այլ բան է կարևոր«Ինձ համար ավելի կարևոր է, թե ով է նվիրողը, ոչ թե նվերն ինչ է։ Ամենաստացվածն ինձ համար հարազատների կողմից տրված նվերներն են»։

Իսկ բնավորության գծերը դերասանուհու մոտ փոխվում են ամսեամիս։

«Իհարկե, ամիս առ ամիս բնավորության գծերը փոխվում են, կարծում եմ` դա նորմալ երևույթ է։
Ավելի հանգիստ եմ դարձել, առաջ ամեն ինչից շատ շուտ էի բռնկվում, իսկ հիմա ոչ
»։

 Իլոնան նաև պատկերացնում է, թե ինչպիսին կլինի ինքը 10 տարի անց․ «10 տարուց ինձ տեսնում եմ արդեն ընտանիք կազմած, երեխաներիս հետ, իմ սիրած աշխատանքով»,-Ասում է դերասանուհին ու հավելում, որ դեռ չգիտի՝ կփոխվի իր սիրած աշխատանքը 10 տարի անց, թե ոչ։ Դերասանուհին նաև հավելում է, որ հնարավոր է մեկնի արտասհաման՝ ուսումը շարունակելու նպատակով։
Նշենք, որ նա Ճարտարագիտական քոլեջում սովորում է դիզայն և մոդելավորում բաժնում։

Իլոնան հայտնում է, որ չնայած ծննդյան մեծ խնջույք չի կազմակերպել, բայց անակնկալներն անպակաս են եղել այսօր։

«Անակնկալ, այո, եղել է։ Գիշերը՝ 12-ին, ընկերներիցս մեկն ինձ անակնկալ արեց, որը շատ հաճելի էր և ամեն դեպքում՝ սպասված։

Հետևորդներիցս շատերը նույնպես ջերմ բարեմաղթանքներ էին գրել, բոլորին չեմ կարողացել պատասխանել, բայց կարդացել եմ և շատ շնորհակալ եմ։
Նաև ընկերներիցս, հարազատներիցս, ովքեր ի սրտե, ջերմ բարեմաղթանքներ էին գրել։ Այդ ջերմությունը, սերը փոխանցվել է ինձ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան