Անրի Վեռնոյի 100-ամյակին Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով

Ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում կանցկացվի կինոժառանգության միջազգային գիտաժողով:
Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված քայլերը: Միջոցառման ընթացքում կխոսվի նաև հայկական կինոժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանն ուղղված համագործակցության մասին»,- նշեց Դումանյանը:

2021 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում (Փարիզ) կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2020-2021 թթ.-ի օրացույցում ներառված ֆրանսահայ մեծանուն կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը: