«Մի անգամ դպրոցում»-ի դերասանները՝ ֆիլմի յուրահատկության ու կարևոր գաղափարի մասին

Ապրիլի 29-ին կայացավ «Մի անգամ դպրոցում» կինոնկարի պրեմիերան, որը Տիգրան անունով աշակերտի մասին է, ով վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ: Տիգրանը հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակն ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույնը, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել: Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ ի հայտ եկած թաքնված չարագործից։

Շատ ժամանակ մենք հրաշքներ ենք փնտրում մեր շրջապատում, այնինչ, դրանք թաքնված են մեր ներսում։
Հենց նման հրաշքների անտեսանելի գիծն էլ գխավոր հերոսին՝ Տիգրանին, օգնեց պատվով հաղթահարել իր ճանապարհին ծառացած բոլոր խնդիրները։
Գլխավոր հերոսի դերակատարը՝ Արթուր Բեգջանյանը, պատմում է, թե ինչպես ստացվեց ռեժիսորի հետ համագործակցությունը և ինչ դժվարություններ են առաջացել իր համար ֆիլմի նկարահանման ընթացքում «Համագործակցությունը ստացվեց մեկ հեռախոսազանգի միջոցով։ 16 տարեկան դերասան էր պետք, արտաքինով ես էի համապատասխանում։ Ծանոթացա և համագործակցեցի, ինչի համար շատ ուրախ եմ։ Դժվարություններ եղել են ինքս, լինելով  25 տարեկան, պետք է մարմնավորեի 16 տարեկան կերպար, այսքանից երևի արդեն պարզ է՝ որքան դժվարություններ են եղել։ Բայց նկարահանման առաջին օրվանից մինչև վերջին օրը շատ լավ է անցել ամեն բան»։
Արթուրը նաև հավելում է, որ ֆիլմը, լինելով ուսուցողական, դաստիարակչական, զարկ կտա կրթությանը, գիրք կարդալուն։

Գրքերը ծերության լավագույն ընկերներն են, իսկ երիտասարդության լավագույն ուղեկիցները։
Ֆիլմում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը: Ծերուկը, ով սկսել է խոսել գրքերի հետ, խենթի համբավ է ձեռք բերել, սակայն ֆիլմում նա, վերջապես, հանդիպում է Տիգրանին, ով նույնպես լսում է գրքի հերոսներից մեկի՝ Դոն Կիխոտի ձայնը։ Թե ինչու և ինչպես են նրանք օժտված այդ ձիրքով, պարզ է դառնում միայն ֆիլմի վերջում։

Խորհրդավոր պապիկի դերակատար Արա Սարգսյանն ասում է, որ երբ ռեժիսորն իրեն պատմեց կերպարի մասին, ինքը մտածեց՝ սա իմն է։
«Մեր թիմը շատ լավն է, մեծ բավականություն եմ ստացել նկարահանումներից, առավել ևս սցենարը շատ հետաքրքիր էր ինձ համար իր գաղափարով․ սա հետաքրքիր տարբերակ է, թե ինչպես կարելի է նոր սերնդին վերադարձնել դեպի գիրքը։ 
Իմ կերպարը մի պապիկ է, ումից միշտ վախեցել են, սակայն գալիս է մի պահ, որ նրանք, ցանկանալով օգնություն խնդրել, վերջապես, դիմում են այդ պապիկին, ով կարողանում է օգնել իր խորհրդով։
Դժվար տարուց հետո մեր հեռուստադիտողին հենց նման թեմաներ են պետք։
Շեշտեմ, որ պետք են նաև ազգային թեմաներ, այսօր դրա կարիքը շատ կա, և ես նկատում եմ, որ սոցիալական կայքերում էլ է ավելացել ազգայինը, որովհետև հիմա շատ պատասխանատու և դժվար շրջան է
, ու հարկավոր է այդ ամենը հասցնել նոր սերնդին»,- նշում է նա։

«Ասպետական վեպերից ոգեշնչված՝ պայքարեց Դոն Կիխոտը մարդկային բնավորության ամենաարատավոր դրսևորումների՝ ագահության, նյութապաշտության դեմ։ Բայց քանի որ նրա թշնամիները աչքի համար տեսանելի չէին, մարդիկ այդպես էլ չհասկացան Դոն Կիխոտին ու կարծեցին, թե նա խելագար է»,- պատմում է գլխավոր հերոս Տիգրանը Դոն Կիխոտի մասին, ում դերը բաժին էր հասել  Մկրտիչ Արզումանյանին։
Իր դերի և ֆիլմի կարևորության մասին խոսելով Մկրտիչն ասում է․«Դերը շատ սիրելի դարձավ ինձ համար։ Ասեմ, որ շատ վաղուց երազել եմ խաղալ այդ կերպարը։ Վերջապես, ինձ բախտ վիճակվեց, որովհետև միշտ հետաքրքրվել եմ այդ կերպարով։
Առհասարակ, ցանկացած կերպար ունի իր շարժիչ ուժը, Դոն Կիխոտինն իր միտքն է։
Երեխաների  համար այս ֆիլմում շատ բաներ կան սովորելու։
Կարևորը՝ այս նախագիծը գրքերի մասին է։ Միշտ նշում եմ, որ գրքերը, պարզապես, պարտադիր են մարդու ձևավորման համար։ Ֆիլմն ունի շատ դրական կողմեր, հուսամ՝ այն շատերին դուր կգա և երկար կյանք կունենա»։

Սալորի գարնանային ծաղիկը նվիրում է իր բույրը մարդուն՝ ճյուղը կոտրողին։
Հենց տնօրենի այս խոսքերն են որոշիչ դառնում գլխավոր հերոսների համար ու օգնում վերջում՝ ամենակարևոր պահին։
Ֆիլմում տնօրենի դերակատարը Նաիրա Շահիրյանն է, ով ֆիլմի հետ կապված կիսվում է իր ուրախությամբ ու կարծիքով․«Երբ ես ստացա ֆիլմում նկարահանվելու առաջարկը, շատ ուրախացա, որ վերջապես, մեր պատանիների մասնակցությամբ ֆիլմ է նկարահանվում։ Ուրախությունս կրկնապատկվեց, երբ իմացա ՝ ինչ դերասանների հետ եմ նկարահանվելու։ Շատ հետաքրքիր ու լավ են անցել նկարահանումները, նույնիսկ թագավարակը չխանգարեց, որ այս ֆիլմն իրականություն դարձնենք։ Մենք պարտավոր ենք մեր երիտասարդների համար ունենալ նման ֆիլմեր»,նշում է դերասանուհին։

Պիտի ապացուցենք, որ հայրենիքի ուժը նրա որդիների անձնվիրության մեջ է:
Գևորգ Մարզպետունու հենց այս խոսքերով էլ ոգեշնչվում են ֆիլմի գխավոր դերասանները՝ փորձելով փրկել իրենց դպրոցը։ Նրանց այդ հարցում օգնում է դասղեկը, ում դերը բաժին էր հասել Վահագն Գալստյանին։
«Ֆիլմը խրախուսում է կարդալ, այն առանձնանում է նրանով, որ կապված է երեխաների հետ և հատուկ պատասխանատվությամբ ենք մոտեցել։ Ֆիլմը գիրք կարդալու, սովորելու, միմյանց նկատմամբ հարգալից լինելու մասին է»,-ասում է Վահագն Գալստյանը։

Գրիգոր Դանիելյանը ֆիլմում էպիզոդիկ դերասան է, ով կատարում է ֆիզկուլտուրայի ուսուցչի դերը։ «Երիտասարդության շրջանում առավել հետաքրքիր կլինի այս ֆիլմը դիտելը, քանզի ֆիլմն իրենց համար է ստեղծված։ Ցանկանում եմ շնորհավորել ռեժիսորական և դերասանական անձնակազմին։ Լավ կլինի, եթե նման նախաձեռնությունները շատ լինեն, որովհետև որքան շատ արտադրվեն ֆիլմեր, այդքան կզարգանա մեր կինոարտադրությունը։ Ֆիլմը նկարահանել ենք ացնած տարի, և ճիշտն ասած, անգամ մոռացել եմ, թե ինչպես են նկարահանումներն անցել, բայց հիշում եմ, որ ամեն բան շատ հետաքրքիր էր»,-պատմում է նա։

 

Ռեժիսորը՝Հարություն Խալաֆյանը, ֆիլմի մասին խոսելիս հիշում է, որ նկարահանումների ընթացքում ապրում էինք դժվար ժամանակաշրջան, սակայն փորձել են գտնել ամեն հնարավոր միջոց՝ նախագիծը կյանքի կոչելու և փուլ առ փուլ առաջ գնալու համար։ ֆիլմն իրականացվել է սահմանափակ ֆինանսներով։ Խալաֆյանը նշում է՝ ֆիլմը տալիս  է այլընտրանք՝ցուցյ տալով, որ կարելի է գիրք կարդալ հեռախոսի, ինտերնետի և գաջեթների փոխարեն։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան