Ամալյա Հովհաննիսյանի «Դեպի արմատներ» հաղորդման շրջանակում Ավետ Բարսեղյանը անդրադարձել է Անի Ամիրյանի հետ ունեցած հարաբերություններին՝ խոսելով իրենց 5 տարվա սիրո, բաժանության և տարիների ընթացքում պահպանված ընկերության մասին։ Գրում է Tert.am-ը:
Ավետը նշել է, որ Անիի հետ բաժանումից հետո իր համար հեշտ չի եղել վերականգնվել։
«Ես մինչև հիմա էլ շատ սիրում եմ բոլոր այն մարդկանց ու Անիին հատկապես, որովհետև ամենաերկար տարիների սիրուն զգացողությունը իր հետ եմ ունեցել»,- ասել է նա։
Խոսելով Անիի հետ ունեցած հարաբերությունների մասին՝ Ավետը անդրադարձել է նաև Անիի՝ մոտ մեկ տարի առաջ «LIFEROOM»-ում արած ձևակերպմանը։ Անի Ամիրյանն այն ժամանակ պատմել էր, որ իրենք սկզբում ընկերներ են եղել, իսկ հետո նրանց հարաբերությունները վերածվել են սիրավեպի։

«Մենակ ես չեմ արել դա։ Եվ կրկնվեմ, քանի որ ի սկզբանե եղել է ընկերություն, հետո է վերաճել սիրավեպի։ Չգիտեմ՝ կարո՞ղ եմ դրան սիրավեպ անվանել, պարզապես ինչ-որ այսպես համակրանք երևի։ Հետևաբար երևի երկուստեք կարողացել ենք դա պահպանել»,- ասել էր Անի Ամիրյանը։
Հենց «համակրանք» ձևակերպմանն էլ Ավետը անդրադարձել է՝ այն կրկնելով կատակով և նշելով, որ այդ կերպ մի տեսակ «ռևանշ» է անում։
«Ի դեպ, քո եթերում ասեմ՝ համակրանք, այդ բառը ասեմ, ռևանշ լինեմ։ Դա համակրանք էր։ Անի Ամիրյանը հինգ տարվա սիրուն սերը… ի՞նչ բառով ասա՞ց, ես էլ այդ բառը ասեմ»,- ասել է Ավետը։
Ավետը պատմել է նաև, որ Անիի այդ խոսքից հետո նույնիսկ զանգահարել է նրան՝ հետաքրքրվելով, թե ինչպես էր նա բնորոշել իրենց հարաբերությունները։
Ավետի խոսքով՝ տարիների ընթացքում իրենց հարաբերություններում թշնամանք չի եղել, և ինքը ուրախ է Անիի այսօրվա կյանքի համար։
«Երջանիկ եմ, որ ինքը հիմա ոտքի կանգնած, թեկուզ բաժանված վիճակում, բայց ոտքի կանգնած սիրուն ապրում է իր Մարտայի հետ իր կյանքը ու հաստատ ինքը այն աղջիկն է, որը գտնելու է իր իսկական, ամուր ու կայուն սերը»,- նշել է նա։
Անդրադառնալով իրենց բաժանության պատճառներին՝ Ավետը ներկայացրել է նաև իր վարկածը՝ նշելով, որ այդ շրջանում ինքն առանձնապես հեշտ վիճակում չի եղել։
«Երևի թե Անին պատրաստ չէր ինձ ընկալելու այն վիճակում, որում ես կայի։ Ես այդ ժամանակ, այո, հունից դուրս եկած, շատ էմոցիոնալ, խառը վիճակում էի։ Կարծում եմ՝ դա է եղել խնդիրը»,- ասել է նա։
Ավետը նաև նշել է, որ բաժանումից հետո իրենց կապը չի վերածվել թշնամանքի, և տարիներ անց ինքը շարունակում է ջերմությամբ վերաբերվել Անիին։
Իսկ Անի Ամիրյանը, մոտ մեկ տարի առաջ Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման ընթացքում խոսելով իրենց հարաբերությունների մասին, պատմել էր, որ ժամանակին խուսափում էին այդ մասին հրապարակայնորեն խոսելուց։ Նրա խոսքով՝ իրենց բախտը բերել է նաև այն առումով, որ այդ տարիներին սոցիալական ցանցերն ու համացանցը ներկայիս չափով զարգացած չէին։

«Ավետի հետ գուցե չենք ասել կամ չենք շատ խոստովանել, որովհետև ի սկզբանե մեր հիմքը եղել է ընկերությունը։ Այդ հանդիպումներից զատ շատ լավ ընկերներ ենք եղել և մինչև հիմա մնում ենք։ Բայց այո, եղել է սիրավեպ, որը վերածվեց ընկերության»,- պատմել էր Անի Ամիրյանը։
Նա ընդգծել էր, որ այսօր շատ մտերիմ հարաբերություններ ունի նաև Ավետի կնոջ՝ Անի Քաթաբյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի հետ։
Անիի խոսքով՝ իրենց դեպքում սիրային հարաբերություններից հետո ընկերությունը պահպանել հնարավոր է եղել հենց այն պատճառով, որ սկզբում իրենց կապի հիմքում ընկերությունն է եղել։ Նա նաև կարևորել էր Ավետի վերաբերմունքը։
«Նաև Ավետն է շատ խելացի, կիրթ մոտեցել ու հասկացել, որ ամեն մեկս մեր ճանապարհներն ունենք անձնական, բայց միևնույն է՝ այդ հիմքում ընկած ընկերությունը փորձել ենք ինչքան հնարավոր է պահել»,- ասել էր նա։
Տարիներ անց երկուսն էլ միմյանց մասին խոսում են ջերմությամբ՝ ընդգծելով, որ սիրային հարաբերություններից հետո իրենց հաջողվել է պահպանել ընկերական կապը։















