«Ծանր ու թեթև» անելու ժամանակն է․ Ռաֆայել Երանոսյանը՝ նոր ներկայացման  և ամուսնության մասին

Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ եւ նոր ասելիք․ Ռաֆայել Երանոսյանի թվով չորրորդ «Ծանր ու թեթև» մոնոներկայացման պրեմիերան կլինի հոկտեմբերի 19-ին «Բոհեմ» թատրոնում։ Սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը: Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն արել է Վահե Գրիգորյանը։

Այս շրջանում շտկվում են ներկայացման վերջին դետալները և ակտիվ փորձեր են անցկացվում։ Երանոսյանի խոսքով՝ հայերի առօրյան ու կյանքն է բեմում ծանր ու թեթև արվելու։

«Մյուս կողմից էլ մարդկանց այնքան են հիմա  «Ծանր ու թեթև» անում, որ նրանց զրկում են ընտրության հնարավորությունից։ Խոսելու ենք հայերի տարբեր դրսեւորումներից, ինչպես նաեւ իմ ամուսնությունից։ Սա սթենդ-ափ չի, այլ մոնոներկայացում, ինչը նշանակում է, որ պետք է վերցնել այնպիսի թեմաներ, որ արդիական լինի այսօր, վաղը եւ երկու տարուց։ Մեր հասարակության մեջ մենք ունենք խնդիր, որ մարդիկ իրողություններին կամ շատ ծանր են նայում կամ շատ թեթև։ Իմ բոլոր ներկայացումներում ես շատ տարբեր թեմաներից եմ խոսում, խնդիրներից, բայց չնեղացնելով ոչ ոքի»,-նշեց Ռաֆայելը։

Հարսանեկան տեսանյութից հետո առավել շատ հնչող «Ամուսնանո՞ւմ եք» հարցին,  Ռաֆայելը պատասխանեց․ «Ներկայացման օրը կտամ պատասխանը»։

Սցենարի վրա աշխատանքները տևել են մոտ մեկ տարի, իսկ թեմաներն ընտրվել են ըստ արդիականության՝  հայկական մենթալիտետ, սովորույթներ եւ դրսեւորումներ։ Սցենարիստ Արմեն Վարդանյանը արդեն շատ երկար տարիներ է համագործակցում դերասանի հետ։

«Ես ուրախ եմ, որ արդեն չորրորդ ներկայացումն ենք հանձնում հանդիսատեսի դատին։ Այդ չորս ներկայացումները, ինչպես մեր չորս իշխանություններն ունեն իրենց դրական ու բասական կողմերը, բայց գնում ենք այն ուղղությամբ, որ ժողովրդի համար լինի լավ։ «Ծանր ու թեթև»-ը «Փահլևան» ներկայացման տրամաբանական շարունակությունն է նաև, այնտեղ էլ կար փիլիսոփայական հարց, թե ինչ անենք ու որ ուղղությամբ գնանք։ Քննարկում ենք, թե միանգամից որոշում կայացնելն է ճիշտ, թե չափից դուրս ծանր ու թեթև անելը»,- ասաց  Վարդանյանը։

«Ռաֆոյի հետ արդեն երրորդ համագործակցությունն է մոնոներկայացման առումով, բեմից ու աշխատանքից դուրս ընկեր ենք, լավ ճանաչում ենք իրեն, սցենար գրելիս շատ կարեւոր է դա։ Մոնոներկայացման դեպքում շատ կարեւոր է, որ իր մտքերը, գաղափարները եւ հումորային մոտեցումները տեսանելի լինեն, իսկ ընկերությունը շատ օգնում է այս հարցում։ Մենք այս թիմով շատ երկար ենք աշխատել, արդեն ունենք հստակ աշխատանքային բաժանում, թե որ մեկս որ թեմայի շուրջ պետք է աշխատենք, բայց տարաձայնություններ էլ են լինում», – ասաց սցենարիստ Գարիկ Գևորգյանը։

Ներկայացման մեջ կան նաև քաղաքական ենթատեքստեր, բայց դրանք այնքանով են, որքանով Հայաստանում ապրող այսօրվա յուրաքանչյուր մարդուն կհետաքրքի։ Սցենարիստ Թելման Առաքելյանը  մոնոներկայացման շրջանակում առաջին անգամ է համագործակցում Երանոսյանի հետ։ Հարցին, թե հե՞շտ էր աշխատել նրա հետ, նա շեշտեց՝ ոչ։

«Դուք աշխատե՞լ եք իր հետ, շատ ահավոր է, քանի որ նա այնքան լավ պատմություններ ունի, այնքան հումորով, որ գալիս է, պատմում, ներկայացնում, եւ մենք շեղվում ենք սցենարից։  Այս ներկայացման մեջ ամբողջությամբ մեր առօրյան է՝ իր տարբեր շերտերով»,-հավելեց Թելմանը։

«Ես Ռաֆայելին ճանաչում եմ արդեն 14 տարի։ Երեխա էի, երբ Երևանի պետական կամերային թատրոնում «բեմի բանվոր էի»․․․ Ռաֆոն այնքան մեծ սիրտ ունեցող մարդ է եղել ու կա, որ դեռ այդ ժամանակ նա ինձ հետ շփվում էր հավասարը հավասարի։ Մի օր ասաց ինձ, որ մոնոներկայացում է ուզում անել, ինչ կարծիքի եմ․․․ մի պահ ապշեցի, թե ինչու է ինձ նման հարց տալիս, ես ով եմ․․․,բայց ասացի, որ հաստատ կաշխատի մոնոներկայացումը, քանի որ այն մեծ սերը, որն ունի նա թատրոնի եւ հանդիսատեսի նկատմամբ շատ քչերն ունեն։ Այդ ժամանակ նա արեց իրա առաջին մոնոներկայացումը, բայց ես չէի կարող պատկերացնել, որ նա մի օր ինձ կառաջարկի լինել իր ներկայացման ռեժիսորը»,- ասաց Դավիթ Աբրահամյանը։

Ներկայացման պրոդյուսեր Վահան Թովամսյանը հավելեց, որ Հայաստանի ներկայացումից հետո ստեղծագործական թիմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որից հետո նաեւ եվրոպական մի քանի երկիր։