«Մոնթե» ֆիլմի մասին խոսել է Մոնթե Մելքոնյանի այրին` Սեդա Գապրանյան-Մելքոնյանը:
«Մեկ տարի առաջ Genetic production-ի Նոնան Սարգսյանը կապվեց ինձ հետ, ասեց դժվար էր ինձ գտնել և ասեց, որ ֆիլմի նախագիծ ունեն և ուզում էին իմանալ՝ արդյոք կցանկանայի աջակցել։ Սովորաբար ես մերժում եմ նման առաջարկները։ Գիտեմ, որ անցյալում շատ ու շատ ֆիլմեր են նկարահանվել՝ ոմանք իմ թույլտվությամբ, ոմանք՝ առանց իմ թույլտվության։ Բայց ինձ ամենաշատը ցավեցնում էր այն, որ երբեմն Մոնթեի կերպարը աղավաղում էին, և զգույշ եմ:
Ես իմ տնային աշխատանքը, ինչպես ասում են, կատարել եմ։ Ուզեցի իմանալ՝ ովքեր են այս Genetic Production-ը, ինչով են զբաղվում։ Ասեմ նաև, որ բազմաթիվ առաջարկներ են եղել, այդ թվում՝ ոչ հայկական կազմակերպություններից՝ Միացյալ Նահանգներից և Կանադայից։ Եվ միշտ Մարգարի հետ քննարկել ենք` Մոնթեի եղբոր՝ լավ, եկեք օգնենք իրենց, բայց ոչինչ չի ստացվելու:
Եվ հերթական անգամ ես նույնը Genetic Production-ին ասացի, որ լավ, կփորձեմ օգնել, բայց նախ պետք է ստուգեմ, որ ամեն ինչ մաքուր է, այսպես ասած։ Ես շատ բաներ եմ բոյկոտում, որովհետև զգայուն եմ այդ հարցերի նկատմամբ։
Հարցեր տվեցի, հարցերիս պատասխանները ստացա։ Ասացի՝ լավ, պիտի օգնեմ իրենց։ Միաժամանակ մտածում էի, որ կսկսեն աշխատել, հետո բավականին մեծ արգելքների կհանդիպեն, և ֆիլմը հերթական անգամ չի նկարահանվի։ Առաջին անգամը չէր լինի և վերջինն էլ չէր լինելու։
Մի քանի ընկերներ զանգահարեցին, ասացին՝ գիտե՞ս ինչ ես անում և այլն։ Ասացի, որ ես իմ ստուգումներն արել եմ։ Եթե դուք նոր բան ունեք ինձ ասելու, վստահաբար տեղեկացրեք։ Ոմանք լռեցին, ոմանք ուրախացան, ոմանք էլ հաստատեցին իմ ունեցած տեղեկությունները։
Ու այդպես ես որոշեցի, որ լավ, եթե այս ֆիլմը պետք է նկարահանվի, ուրեմն մեկ պայմանով՝ ամեն ինչ պետք է իրական լինի։
Այսինքն՝ մենք բացարձակապես Մոնթեին փոխելու կարիք չունենք, անգամ, այսպես ասած, գեղարվեստական ֆիլմում։ Մոնթեն ինքն արդեն այնքան հրաշալի է իր բնական կերպարով, որ նրան փոխելու կարիք չկա։
Բայց ես պետք է քայլ առ քայլ հետևեմ աշխատանքին, որպեսզի վստահ լինեմ, որ ֆիլմում սխալ բաներ չեն լինի։ Եվ Genetic Production-ը համաձայնեց այդ պայմանին։
Իրենց համար էլ դա հաճելի գործընթաց էր։ Մենք բավականին շատ հանդիպեցինք, զրուցեցինք, պատմություններ պատմեցինք, որոնք, անշուշտ, գիտեի, որ ֆիլմում չեն լինելու։ Բայց նպատակը հենց դա էր՝ որ գոնե ֆիլմը ստեղծողները իրենք իսկապես ճանաչեն Մոնթեին, հասկանան, թե ով էր նա, ինչպիսին էր, որպեսզի կարողանան հնարավորինս իրականին մոտ ստեղծել նրա կերպարը»։















