Պավել Պրիլուչնին պահանջում է ոչնչացնել իր պատկերով ապրանքները. 6 հայց է ներկայացրել

Դերասան Պավել Պրիլուչնին վեց հայց է ներկայացրել անհատ ձեռներեցների դեմ, որոնք մարկետփլեյսներում վաճառում են իր պատկերով ապրանքներ։ Այս մասին են վկայում դատական քարտադարանների տվյալները։

Արտիստի փաստաբան Օքսանա Դանիելովան հաստատել է դատարան դիմելու փաստը։ Նրա խոսքով՝ Պրիլուչնին պահանջում է վաճառքից հանել և ոչնչացնել կեղծված արտադրանքը, ինչպես նաև դադարեցնել իր պատկերի և «Պավել Պրիլուչնի» ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը:

Գործով պատասխանողները անհատ ձեռնարկատերեր են, որոնք նման ապրանքներ են վաճառում առցանց հարթակներում:

Այս պահին բոլոր 6 գործերը քննության փուլում են: Դատարանները դեռ պահանջում են անհրաժեշտ ապացույցներ, վեճերի էության վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել:

Ինչպես պարզաբանել է Դանիելովան, դրամական պահանջների վերջնական չափը կորոշվի վիճելի ապրանքների վաճառքի ծավալների և ստացված եկամուտների մասին տեղեկատվություն ստանալուց հետո:

Փաստաբանն ընդգծել է, որ դատավարությունների գլխավոր նպատակը վաճառողների անօրինական գործունեությունը կանխելն է: