«Քավություն» ֆիլմից Քիրա Նայթլիի զգեստը աճուրդի է հանվել

Կինոյի պատմության ամենատպավորիչ զգեստներից մեկը՝ Քիրա Նայթլիի կրած զգեստը Ջո Ռայթի «Քավություն» (2007) ֆիլմից, ներկայացվել է Christie’s-ի աճուրդում։ Խոսքը ֆիլմի առանցքային էրոտիկ տեսարանում Նայթլիի կրած զմրուխտագույն զգեստի մասին է։ Այն աճուրդում կհայտնվի դեկտեմբերի 9-ին, իսկ նախնական գնահատված արժեքը կգերազանցի 100 հազար ֆունտը։ Զգեստը ֆիլմի համար հատուկ ստեղծել է բրիտանացի զգեստների դիզայներ Ժակլին Դյուրանը՝ չորս BAFTA-ի և երկու «Օսկար»-ի դափնեկիր։ Գրում է Radar-ը:

Կերպարը ստեղծելիս նա ոգեշնչվել է 1920-30-ականների գրքերից, քանի որ հենց այդ ժամանակաշրջանում են տեղի ունենում ֆիլմի իրադարձությունները։ Christie’s-ի Լոնդոնի մասնաճյուղի վաճառքների բաժնի ղեկավար Թայս Հիչինսը զգեստը նկարագրել է որպես «ցանկության, կրքի և սրտաճմլիկ սիրավեպի խորհրդանիշ»։ Ֆիլմի թողարկումից հետո զգեստը դուրս է բերվել նկարահանող խմբի արխիվից և 2008 թվականին վաճառվել բարեգործական աճուրդում։ Այդ ժամանակից ի վեր այն պահվել է ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուում։