197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել

Ռոմանովների արքայական տան հավաքածուին պատկանած եզակի շափյուղայով ապարանջանը Ժնևի Sotheby’s աճուրդում վաճառվել է 4,9 միլիոն դոլարով՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախնական գնահատված առավելագույն արժեքը։ Զարդի կենտրոնում 19-րդ դարի 197,8 կարատանոց շափյուղան է, որը ժամանակին պատկանել է Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային՝ Նիկոլայ II-ի մորը։ Գրում է Radar-ը:

Քարը կրել են 1903 թվականին Ձմեռային պալատում կազմակերպված զգեստավորված պարահանդեսի ժամանակ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո խորհրդային իշխանությունները շափյուղան վաճառել են արտասահմանում։ 1927 թվականին այն ձեռք է բերել ամերիկացի օպերային երգչուհի և կոլեկցիոներ Հաննա Վալսկան։ Տարիների ընթացքում թանկարժեք քարը փոխել է մի քանի սեփականատիրոջ։ 2015 թվականին Cartier ոսկերչական տունը դրա համար ստեղծել է ժամանակակից շրջանակ։