Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քլոյե Քարդաշյանն անդրադարձել է այս օրերին երկրում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին, որոնց համար պատճառ է դարձել վերջերս Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտի՝ Ջորջ Ֆլոյի դաժան սպանությունը:
Երեսունհինգամյա աստղը նշել է, որ Ֆլոյդի սպանությունն ուղղակի զզվելի է և կրկնում է նախկինում կատարված նմանատիպ սպանությունները:
«Մենք նույն բանը բազմիցս տեսել ենք: Սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունք է կիրառվում, նրանք զոհի կարգավիճակում են և արդեն տևական ժամանակ սպանվում են, սակայն այս մշտական պատուհասի պայմաններում նրանք գերմարդկային ճկունություն են ցուցաբերում»,-ասել է Քարդաշյանը:
Հեռուստաստղի համոզմամբ՝ անընդունելի է, որ 2020թ. մարդիկ շարունակում են առաջնորդվել կարծրատիպերով և խտրական վերաբերմունքով՝ մարդկանց դատելով ըստ մաշկի գույնի, ինչի հետևանքով ռասիզմը շարունակում է մշտական իրականություն լինել:
Քլոյե Քարդաշյանը նշել է, որ ինքը՝ որպես ճանաչված հանրային դեմք, իր ունեցած հարթակը կօգտագործի սևամորթների դեմ կատարվող սիստեմատիկ անարդարության մասին բարձրաձայնելու համար:
«Ես իմ արտոնությունը կօգտագործեմ ձեր համար պայքարելու նպատակով: Թույլ չեմ տա, որ Ջորջ Ֆլոյդի անունը մոռացվի: Այսուհետ առաջվանից էլ ավելի բարձրաձայն ու անվախ խոսելու եմ ընդդեմ խտրականության: Պետք է փոփոխություններ լինեն: Սևամորթների կյանքերը նշանակություն ունեն: Մենք կարող ենք, մենք պարտավոր ենք, և մենք կփոխենք ապագան»,-ասել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։