«Անակնկալս տևել է մեկ ամիս շարունակ»․ Մարինա Մնացականյանի յուրահատուկ նվերն ու կանացի գաղտնիքները

Պատանի Հանդիսատեսի թատրոնի դերասաններ Սեյրան Մովսիսյանն և Մարինա Մնացականյանն ամիսներ առաջ են ծնողներ դարձել և այժմ այդքան էլ ակտիվ  չեն սոցիալական կայքերի իրենց էջերում, սակայն նորաթուխ մայրիկը Showbiz.am կայքի հետ զրույցում կանանց միամսյակի առթիվ որոշել է բացահայտել 20 փաստ իր մասին, որոնք մինչ օրս դեռ չէր բարձրաձայնել ։
Դերասանուհին պատմում է իր ստացած ամենայուրահատուկ նվերի, իր բնավորության ամենաանտանելի գծերի և շատ այլ բաների մասին։

Ամուսնուս մարտիության նվերներից ամենաստացվածը

Ամենահիշարժան անակնկալս տևել է մեկ ամիս շարունակ, մենք դեռ ամուսնացած չէինք․ այդ ժամանակ մարտի 8-ին ստացա գեղեցիկ թևնոց, որը մինչև հիմա կրում եմ, անընդհատ ձեռքիս է, իսկ հետո՝ ամեն օր ՝ մեկ ամիս շարունակ, տոպրակի մեջ փաթաթված իրեր էի ստանում, բայց դրանք պետք է բացեի միայն ապրիլի 7-ին։
Ու վերջում, երբ բացեցի մեր նկարներով փազլ էր, որոնք պետք է հավաքեի։ Իմ մտքով անգամ չէր անցնում, որ դա կարող է փազլ լինել։
Այս տարի կանանց միամսյակի հետ կապված դեռ չեմ ստացել նվեր, բայց արդեն պատկերացնում եմ, թե ինչ է լինելու և անհամբերությամբ սպասում եմ։ Ինչպես միշտ առաջին նվերը լինելու է ամուսնուս կողմից։

Իմ կանացիության գլխավոր գաղտնիքը

Ընդհանրապես գաղտնիք չունի կանացիությունը։
Շատ պարզ է․ աղջիկը կանացի է, երբ սիրված է և սիրում է, և ստանում է այնքան ուշադրություն, որքան իր սիրտն է ուզում։

Ինչպիսի մայր եմ ես

Երեք ամիս է, ինչ մայրիկ եմ, բայց չեմ մտածել երբեք, թե ինչպիսին եմ․ այնպիսին եմ, ինչպիսին կամ։
Երբեք չեմ ձգտում լինել իդեալական մայր, որովետև գիտեմ՝ անհնար է։
Պահ է գալիս, որ ասում ես՝ այնքան կուզեի մենակ պառկած լինել, ոչինչ չանել։ Համոզված եմ՝ բոլոր մայրիկներն այս զգացողությունն ունեցել են։
Բայց վերջերս հիշում եմ, որ ինչ-որ հավաքույթից տուն գնալիս մեքենայի մեջ Սեյրանն ինձ ասաց՝ դու շատ լավ մամա ես։ Այս խոսքերն այնքան հուզեցին ինձ․ դա ամենալավ հաճոյախոսությունն էր աշխարհի։

 Ինչպիսին եմ ամուսնուս նկատմամբ

Ամուսնուս նկատմամբ այնպիսին եմ, ինչպիսին սիրող կինը։
Երբ սիրում ես, չես փորձում լինել ինչ-որ կերպ, դա ինքնաբերաբար է ստացվում։
Եթե դու քո ցանկությամբ  ես ամուսնացել, քո ցանկությամբ ես այդ մարդու կողքին, դու լինում ես ուշադիր, հոգատար։ Այս բոլոր հատկանիշներն ինքնաբերաբար են լինում։ Ես ուղղակի իմ բնավորությամբ շատ էմոցիոնալ եմ, և այդ ամենն ինձ մոտ եռապատիկ ու քառապատիկ են, նույնիսկ շատ ժամանակ նյարդայնացնող, ինձ մոտ մեկ-մեկ այդ առոմով չափն անցնում են էմոցիաներս, և փորձում եմ ինձ կառավարել։

 Ինչպե՞ս եմ արտահայտում իմ սերը

Քանի որ նշեցի, որ էմոցիոնալ եմ, ամեն ինչի մեջ եմ այդպիսին՝  ջղայնանալու, սիրելու։
Սերն արտահայտում եմ նույնչափ էմոցիոնալ, կարող եմ մեկ ժամում հազար անգամ ասել, որ սիրում եմ։
Զուսպ չեմ դրանք արտահայտելու հարցում։
Սիրո արտահայտման մեջ գծուծ չեմ։

Կնոջ իմ իդեալը

Եթե խոսենք միայն գեղեցկության մասին, ապա շատ-շատ անուններ կարող եմ նշել, բայց քանի որ հիմա ինձ մոտ կինը նաև մոր հետ է ասոցացվում,  կնոջ իդեալը իմ մայրս է։
Իդեալական մայր է նա, ես չգիտեմ կյանքում կկարողանա՞մ իր նման մայր լինել, թե ոչ։

Իմ բնավորության ամենաանտանելի գիծը

Անտանելի գծերը շատ-շատ են, անտանելի գծերից են անհամբերությունը։
Շատ եմ փորձում այնպես անել, որ ավելի համբերատար լինեմ տարբեր հարցերում, որովհետև դա ինձ շատ է խանգարում և կցանկանամ փոխել այդ գիծն իմ մեջ։

Իմ գործած ամենավատ սխալը

Չեմ կարող, անկեղծ ասած, հիշել, ինձ թվում է չեմ արել այնպիսի սխալ, որը հետք է թողել կյանքիս վրա, որովհետև եթե անեի նման սխալ, ապա միանգամից կկարողանայի մտաբերել։
Իհարկե, սխալներ գործել եմ շատ, կան բաներ որոնք մտածում եմ, որ այդպես չէի անի, զղջում եմ, բայց մեծ սխալ չկա, փառք Աստծո։

Ինչը կարող է իմ տրամադրության անկման պատճառը դառնալ

Իմ տրամադրությունը կարող է փոխվել նաև շատ կենցաղային պատճառով։ Եթե անգամ ես ինչ-որ բան ծրագրում եմ ու ամեն ինչ իմ ծրագրած ձևով չի գնում, ապա ինձ մոտ միանգամից տրամադրության անկում է լինում։
Շատ չնչին բանից կարող է տրամադրությունս ընկնել և բարձրանալ։ Օրինակ՝ եթե ինչ-որ բան ծրագրեմ ու Սեյրանը ասի՝ վաղը այդ բանը չենք անելու, ես կկոտրվեմ միանգամից։

 

Արարք, որի համար զղջում եմ

Ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ ես, անում եմ բաներ, որոնց համար զղջում եմ, դա կարող է լինել օրվա մեջ մի քանի անգամ։
Բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այդպես էր պետք։ Ես հավատում եմ ճակատագրին ու չեմ կարծում, որ կյանքում պատահականություններ լինում են։

 

Ինչը չեմ ների երբեք

Եթե այս հարցը տայիք երկու տարի առաջ այլկերպ կպատասխանեի, կասեի՝  չեմ ների դավաճանությունը, խաբեությունը, բայց հիմա կարող եմ ասել, որ չգիտեմ, թե ինչը չեմ ների։ Որովհետև երբ պահը գալիս է, ժամանակը ցույց է տալիս, որ լավ էլ կներես։
Չեմ կարող ասել ինչը չեմ ների, քանի դեռ պահը չի եկել։

 

Ինչպիսին պետք է լինի տղամարդը

Երբեք չեմ սիրել նման չափորոշիչներով խոսել։ Պետքեները շատ են շրջանակների մեջ դնում։
Քանի որ իմ տղամարդու իդեալը իմ կողակիցն է, կարող եմ ասել, որ տղամարդն առաջին հերթին պետք է միշտ կնոջից մեկ քայլ առաջ լինի, որպեսզի ես իրենից սովորելու բան ունենամ, զգամ, որ ունեմ մեջք։
Պետք է լինի ձեռնբաց, չեմ սիրում գծուծ տղամարդկանց։
Եվ իհարկե, լինի սիրել իմացող, որ կարողանա սերը ճիշտ արտահայտել և իր սիրելիին երջանկացնել։ Որովհետև կան մարդիկ, ովքեր չեն կարողանում արտահայտել սերը, և միշտ ինչ-որ բան բաց է մնում։

 

Ինչը կարող է հիասթափեցնել Ձեզ տղամարդու բնավորության մեջ կամ արարքներում

Ես շատ ուշ եմ հիասթափվում։ Չեմ կարող ասել՝ լավ, թե վատ գիծ է։
Հիասթափվում եմ շատ դժվար։ Չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ հիասթափվեմ ու հետո հնարավորություն չտամ, որ ամեն ինչ վերականգնվի։

 

Ամենակարևոր խորհուրդն իմ կյանքի

Կյանքը պայքար է թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում․ եթե մի օր չպայքարեցիր՝ մեկ քայլ հետ ես մնում։
Եթե ցանկանում ես ստաբիլ, կայուն կյանք, պետք է անդադար պայքարես։
Երբ ես արթնանում եմ մի օր և ուզում եմ հանգստանալ, հաջորդ օրը միանգամից սկսում եմ պրպտել։

Չարախոսություն, որն իմ մեջ տպավորվել է

Եղել է նման չարախոսություն, որի մասին չեմ ցանկանա խոսել։ Դա արդեն անցյալում է, և ես չեմ ցանկանում հիշել այդ օրերը։

 Իմ կյանքի ամենամեծ վախը կորցնելն է հարազատ, սիրելի մարդուն, իսկ ամենամեծ ձեռքբերումս՝ ընտանիքս։

 Կյանքիս ամենացավալի կամ տհաճ միջադեպը

Բաներ կան, որոնց մասին չեմ ցանկանում խոսել, կարող է հետո օր գա, որ բարձրաձայնեմ, բայց հիմա պատրաստ չեմ։
Իհարկե, եղել են, բայց դրանք անցել ու գնացել են։ Առանց դրանց կյանքը կլինի միապաղաղ ու հոգնեցուցիչ։ Այնպես որ, այդ օրերից փախչել պետք չէ։

 

Եթե կարողանայի իմ այժմյան փորձով և աշխարհընկալմամբ դիմել 18-ամյա Մարինային, ինչ կասեի

Կասեի՝ հանկարծ չլացես, որովհետև հետո շատ լավ է լինելու։
Որովհետև ես շատ լացկան եմ եղել, մանավանդ 17-21 տարեկանում։ Չնայած որ հիանալի պատանեկություն եմ ունեցել, բայց եղել եմ շատ լացկան։ Նաև կասեի՝ վայելիր կյանքը։

 

Եթե կյանքը նորից սկսելու հնարավորություն ունենայի, ինչպիսին այն կլիներ

Կլիներ այնպես, ինչպես հիմա է։ Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ կլիներ եթե չընդունվեի Թատերական ինստիտուտ, մաթեմատիկայի գծով գնայի, չհայտնվեի այդ պահին այդ տեղում․ սրանք հարցեր են, որոնց պատասխանները երբեք չենք ստանա։ Ու հենց դա է հետաքրքրությունը մեր կյանքի․ մենք չգիտենք, թե ինչու այդպես եղավ և ինչ կլինի։Դրա համար պետք է գնահատենք այն ամենն, ինչ ունենք հենց այսօր, ոչ թե վաղը։

 

Իմ գլխավոր երազանքը

Պատերազմից հետո իմ երազանքը դարձել է խաղաղությունը։ Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մաղթում խաղաղ երկինք։ Երբ ես էլ այդ ամենի միջով անցա, իմ գլխավոր երազանքը դարձավ խաղաղությունը։
Խաղաղություն թե՛ պատերազմական շրջանից, թե բնության արհավիրքներից հետո։ Որովհետև ապրելով պատերազմի ու երկրաշարժի օրերը, ես երանի տվեցի այն ժամանակներին, երբ զերծ էինք այդ ամենից։ Չլինի երկինքը մութ,  չլինեն քանդվող շենքեր, լացող մայրեր, ուզում եմ ապրենք խաղաղ՝ մեր տներում, մեր սիրելիների հետ։

 

Հեղինակ՝  Տաթևեր Լազարյան