«Հնագույն մասնագիտության ներկայացուցիչներ». Նարգիզը մեղադրանք է ուղղել Մալախովին և Ֆադեևին

Ռուսաստանցի հայտնի երգչուհի Նարգիզ Զակիրովան իր նախկին պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևին ու հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին դավադրության մեղադրանք է ուղղել և «հնագույն մասնագիտության ներկայացուցիչներ» անվանել նրանց։

Երգչուհին տեսանյութ է հրապարակել Ինստագրամի իր էջում և բացատրել, թե ինչու է հունից դուրս եկել։

Մի քանի օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Բարև, Անդրեյ» հաղորդման հյուրերից մեկը եղել է Ֆարուհ Զակիրովը՝ Նարգիզի հարազատ հորեղբայրը։ Զակիրովը պատմել է նախկինում հայտնի «Յալա» խմբի գործունեության մասին, որի գեղարվեստական ղեկավարն ինքն է։

Բայց պարզվել է, որ Նարգիզի մասին նրա բոլոր ասածները կտրել են եթերից. այդ մասին հորեղբայրը պատմել է երգչուհու մորը:

Դրանից հետո Նարգիզ Զակիրովան դիմել է հաղորդավարին ու իր դեմ դավադրություն «նախաձեռնողին»։

«Դուք և Անդրեյը հնագույն մասնագիտության ամենավառ ներկայացուցիչներն եք։ Իսկ քանի որ ձեր պատվիրատուն այդ գործունեության ոլորտում մեծ մասնագետ է, ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում ու կարգավորվում»,- ասել է Նարգիզը՝ «ծախու» անվանելով հեռուսատաալիքին։

Հիշեցնենք` 2019 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ Ֆադեևը 5 տարվա համագործակցությունից հետո խզել է երգչուհու հետ պայմանագիրը։ Պրոդյուսերական կենտրոնն արգելել էր, որ երգչուհին կատարի Ֆադեևի ստեղծագործությունները։